Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մագիստրոսի կրթական ծրագրով 2022/2023 ուստարվա անվճար տեղերում փոփոխություններ կլինեն. Ցանկից հանվել է «Իրավագիտությունը», ավելացվել են բնագիտական բնագավառին հատկացված անվճար տեղերը. նախագիծ

Մագիստրոսի կրթական ծրագրով  2022/2023 ուստարվա անվճար տեղերում փոփոխություններ կլինեն.  Ցանկից հանվել է «Իրավագիտությունը», ավելացվել են բնագիտական բնագավառին հատկացված անվճար տեղերը. նախագիծ
Գիտություն
11:25, 11 февраль 2022
ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի վերաբերյալ ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

Հիմք ընդունելով որոշ ոլորտների (մասնագիտությունների) գծով էկոնոմիկայի նախարարության ներկայացրած աշխատաշուկայի վերլուծությունը, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների,  մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները և բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների քանակը՝ նախագծվել է 2022/2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերը՝ ըստ  մասնագիտությունների (կրթական ծրագրերի): Ըստ նախագծի՝ 2022-2023 ուստարում բնագիտական  բնագավառի (մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին և շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ ոլորտներ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը 2021-2022 ուստարվա հետ համեմատած ավելացել է 22 տեղով։  Այդ թվում՝ 2022-2023 ուսումնական տարվա պահուստային 9 տեղից 3-ը հատկացվել է ՀԱՊՀ-ին և ՀՖՀ-ին՝ համապատասխանաբար «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտության նույն կրթական ծրագրի (2 տեղ) և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրի (1 տեղ) դիմորդների համար:

2021-2022 ուստարվա ընդունելության հետ համեմատած ցանկից հանվել են. ԵՊՀ՝ «Զբոսաշրջություն», «Փիլիսոփայություն», ՀԱՊՀ՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա», ՀԱՊՀ ԳՄ՝ «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա», ՃՇՀԱՀ՝ «Տեղեկատվական համակարգեր», «Տնտեսագիտություն», «Տրանսպորտային համակարգեր», ՀՊՏՀ ԳՄ՝ «Շուկայագիտություն», ԵԼՀ՝ «Սերվիս», ՇՊՀ՝ «Զբոսաշրջություն», ԵՊԿ՝ «Երաժշտական արվեստ», ԵՊԿ ԳՄ՝ «Արվեստի տեսություն և պատմություն», ՖԿՀՊԻ՝ «Շուկայագիտություն», ԳԱԱ ԳՄԿ՝ «Ֆինանսներ», «Իրավագիտություն», «Հնագիտություն» մասնագիտությունները:

Ավելացվել են ԵՊՀ-ում՝ «Լեզվաբանություն» մասնագիտության մեջ «Վարչագործարարական թարգմանություն» կրթական ծրագիրը, «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունը՝ «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» կրթական ծրագրով, «Շուկայագիտություն», «Բարոյագիտություն» մասնագիտությունները նույնանուն կրթական ծրագրերով, ՇՊՀ-ում՝ «Կրթական գիտություններ», «Պարենամթրքի տեխնոլոգիա», «Հատուկ մանկավարժություն», ՎՊՀ՝ «Ընդհանուր մանկավարժություն», «Պատմություն» և «Ծրագրային ճարտարագիտություն», ՀԱԱՀ՝ «Տրանսպորտային համակարգեր», ՀՖՀ՝ «Տեղեկատվական համակարգեր», ԳԱԱ ԳՄԿ՝ «Մաթեմատիկա» և այլ մասնագիտությունները: ՀԱՀ-ում «Իրավագիտություն» մասնագիտությունը լրացվել է «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն» կրթական ծրագրով՝ 2 տեղ, ՃՇՀԱՀ-ում՝ «Գեոմատիկա» մասնագիտությունը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրով՝ 4 տեղ, ՀԱԱՀ-ում՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունը «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրով՝ 2 տեղ, «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտությունը՝ «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով՝ համապատասխանաբար՝ 3 և  4 տեղերով: Նշենք նաև, որ «Էլեկտրոնիկա» մասնագիտության «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրով ընդունելության համար հատկացվել է անվճար ուսուցման 5 տեղ և «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում»՝ 2 տեղ:

2022/2023 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել նաև շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը հիմնականում տրվել է STEM ոլորտի մասնագիտություններին (կրթական ծրագրերին), մասնավորապես՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, ֆիզիկական գիտությունների, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների, մաթեմատիկայի, վիճակագրության ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ 2022/2023 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1416 տեղ, որից 1101-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 

Նշենք նաև, որ պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին նախատեսվել է հատկացնել 28 տեղ՝ նախորդ տարվա 36 տեղի փոխարեն (-8 տեղ), իսկ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաուսումնական հաստատությունների համար սահմանվել է 73 տեղ՝ նախորդ տարվա 40 տեղի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2022-2023 ուստարվա համար ՊՆ-ին նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 25 տեղ, որի ֆինանսավորումը կատարվում է պաշտպանության նախարարության բյուջեի միջոցներով:

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից: