Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Սպորտ
17:59, 11 январь 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը:

Մինչ ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերի քննարկումը, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Համահայկական ամառային խաղերի կազմակերպմանը: «Կարծում եմ, որ մեր հանրությունը, Սփյուռքի հայրենակիցներն էլ տեսել են այն արդյունքները, որոնք ունեցել ենք: Այս տեմպը պետք է պահենք և միասին շարունակենք մեր աշխատանքը: Այդ առիթով կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ներդրած ջանքերի համար»,-նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վստահություն հայտնել, որ ձմեռային խաղերը, որոնց անցկացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին, նույնքան արդյունավետ կանցնեն և կդառնան տոն բոլորի համար:
1999 թվականից անցկացվող ամառային վերջին խաղերը մասնակիցների թվով եղել են աննախադեպ և ռեկորդային. 7161 մասնակից՝ 42 պետությունից և 180 քաղաքից:

Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով: Արայիկ Հարությունյանը հանձնել է պարգևները նիստին ներկա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Մյուս պարգևատրվածների պարգևները կփոխանցվեն:

Այնուհետև, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է հաշվետվություն Համահայկական ամառային խաղերի անցկացման նպատակով իրականացված ծախսերի վերաբերյալ:

Հաջորդիվ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են խաղերի անցկացման վայրին, ժամկետներին, մարզաձևերին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ: