Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինն երաժիշտները պահանջում են արգելել Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ-2024»-ին

Ֆինն երաժիշտները պահանջում են արգելել Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ-2024»-ին
Աշխարհ
16:01, 11 январь 2024
 
Ֆինլանդիայից ավելի քան 1400 երաժիշտներ ստորագրել են միջնորդագիր՝ ազգային Yle հեռուստառադիոընկերությունից պահանջելով ճնշում գործադրել Եվրոպական հեռարձակողների միության (EBU) վրա, որպեսզի այն Իսրայելին արգելի մասնակցել «Եվրատեսիլ-2024» երգի մրցույթին։

EBU-ի կողմից Իսրայելին մասնակցության թույլտվության դեպքում միջնորդագրի հեղինակները Yle-ից պահանջում են բոյկոտել մրցույթը և Ֆինլանդիայի ներկայացուցչին չուղարկել «Եվրատեսիլ»։

«Մեր արժեքներին հարիր չէ, որ պատերազմական հանցագործություններ կատարող և ռազմական օկուպացիան շարունակող երկրին տրվի հանրային հարթակ՝ հանուն երաժշտության իր իմիջը հարթելու համար»,- ասված է միջնորդագրում։

Դրա հեղինակները նշում են, որ Yle-ն առաջիններից մեկն էր, որը պահանջեց Ռուսաստանին հեռացնել «Եվրատեսիլ-2022»-ի մասնակցությունից Ուկրաինայում պատերազմի պատճառով, և գրում են, որ իրենք հեռուստառադիոընկերությունից ակնկալում են «արժեքների նույնպիսի ակտիվ պաշտպանություն նաև հիմա»: