Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք գործում ենք, որպեսզի կանխենք պատերազմի բռնկումը․ Գերմանիան պաշտպանական ծրագիր կներկայացնի

Մենք գործում ենք, որպեսզի կանխենք  պատերազմի բռնկումը․ Գերմանիան պաշտպանական ծրագիր կներկայացնի
Աշխարհ
20:04, 25 январь 2024
Գերմանական իշխանությունները Սառը պատերազմի ավարտից հետո առաջին օպերատիվ պաշտպանության պլանը կներկայացնեն մինչև ապրիլ, որտեղ կպարզաբանվեն անվտանգության ուժերի, կազմակերպությունների և արդյունաբերության գործողությունները։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Բունդեսվերի տարածքային հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Անդրե Բոդեմանին. գրում է ՏԱՍՍ-ը։
 
Նրա խոսքով՝ հարյուրավոր էջեր ընդգրկող գաղտնի փաստաթղթի մանրամասները կքննարկվեն հունվարի 26-ին Բեռլինում կայանալիք սիմպոզիումի ժամանակ, որին կմասնակցեն Գերմանիայի դաշնակից համարվող երկրների ներկայացուցիչները, իրավապահ մարմինները, հանրային պաշտպանության մարմինները։ 
 
Ինչպես նշել է Բոդեմանը, ռազմական բախման դեպքում Գերմանիայի հիմնական խնդիրը կլինի ապահովել դաշնակիցների ռազմական անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժն իր տարածքով (Host Nation Support): Ի թիվս այլ բաների, փաստաթղթում կներառվեն միջոցներ լրտեսության, կիբերհարձակումների, դիվերսիայի, մասնավորապես կարևոր ենթակառուցվածքների, ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման դեմ:
 
«Պաշտպանության այս տեսակի պլանավորումն առաջին հերթին ուղղված է զսպելուն: Մենք գործում ենք, որպեսզի կանխենք հակամարտությունների կամ պատերազմի բռնկումը», - ասել է Բոդեմանը: 
 
Ակնկալվում է, որ Բունդեսվերի ուժերի զգալի մասը կպաշտպանեն ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ «Գերմանիայի գործառնական ծրագիրը հիմնված է Գերմանիայում ու ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության և սպառնալիքների ներկայիս իրավիճակի վրա», - ասել է Բոդեմանը:
 
 «Սա չի նշանակում, որ ես ակնկալում եմ  ճակատամարտ Գերմանայի հյուսիսային հարթավայրում կամ, Աստված մի արասցե, ռուս դեսանտայինների վայրէջք»,- ընդգծել է նա։ 
 
«Բայց մեր կարևոր ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, կամուրջները, էներգետիկ ընկերությունները, իհարկե, գտնվում են դիվերսիոն գործողությունների սպառնալիքի տակ, հնարավոր է նաև հատուկ ջոկատայինների կողմից, որոնք կարող են փորձել ոչնչացնել կրիտիկական ենթակառուցվածքները», - եզրափակել է Բոդեմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Civic.am-ը իր՝ «Եվրոպայում սկսել է հաճախ հնչել «պատերազմ» բառը. «Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ պատերազմի ուրվականը»» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր եվրոպացի առաջնորդների հնչեցրած անհանգստություններին ու անելիքներին։


Անահիտ Խաչատրյան