Օրեր առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն
գրառում էր կատարել՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում մտադիր է լքել ՆԱՏՕ-ն ու եթե Եվրոպայի վրա հարձակվեն, ապա ինքը չի օգնի։
«Եվրոպական ռազմավարական ինքնավարությունն ու պաշտպանությունն ավելի հրատապ են, քան երբևէ։ Աշխատանքը սկսվել է, պետք է արագացնել, շտապ»,- գրել էր ԵԽ պատգամավորը։
Իսկ Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բուլինը
կոչ էր արել քաղաքացիներին պատրաստ լինել հնարավոր պատերազմի։
«Ինձնից առաջ շատերն են ասել, բայց թույլ տվեք հիմա ասել պաշտոնապես, առավել պարզ ու հստակ. պատերազմ կարող է սկսվել Շվեդիայում»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ չի փորձում վախեցնել շվեդներին։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերն էլ նախօրեին
ասել էր, որ դաշինքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ պատերազմի, որը մեծապես կազդի սովորական մարդկանց վրա:
«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղ պայմաններում ապրելը ինքնաբերաբար ենթադրվող մի բան չէ: Այս բանավեճը շատ ավելի լայն է: Դա և՛ արդյունաբերական բազան է, և՛ մարդիկ, որոնք պետք է հասկանան, որ իրենք որոշակի դեր են խաղում»,- ասել էր Բաուերը։
Նա գովաբանել է Շվեդիայի իշխանություններին՝ քաղաքացիներին պատերազմի նախապատրաստվելու նախազգուշացման համար։ «Այստեղից պետք է սկսել: Այն գիտակցումից, որ ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել և ամեն ինչ չէ, որ կատարյալ կլինի առաջիկա 20 տարում»,- ասել էր ծովակալը։
Ի դեպ, հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն սկսում է «Steadfast Defender 2024» լայնածավալ զորավարժությունները, որին կմասնակցի մոտ 90 հազար զինվորական ու դրանք կտևեն մինչև մայիս։
Իսկ ահա երեկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական արդյունաբերության ներկայացուցիչներին
հորդորել էր արագացնել անցումը «պատերազմական տնտեսության ռեժիմին»։
... Ու թվում է, թե մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ պատերազմի ուրվականը։
Անահիտ Խաչատրյան