Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը Բայդենի հետ քննարկել է Պուտինի ու Զելենսկու հետ հանդիպումները

Մակրոնը Բայդենի հետ քննարկել է Պուտինի ու Զելենսկու հետ հանդիպումները
Աշխարհ
15:16, 10 февраль 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 9-ի գիշերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ այլ հարցերից զատ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Էմանուել Մակրոնի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ըստ այդ հաղորդագրության՝ կողմերը կարծիքներ են փոխանակել «դիվանագիտության և զսպման ընթացիկ ջանքերի մասին՝ ի պատասխան ուկրաինական սահմանին ռուսական զորքերի շարունակվող աճի»: Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսաքին ակնկալում է, որ Բայդենն առաջիկա օրերին շփումներ կունենա եվրոպական առաջնորդների հետ։ 

Փետրվարի 7-ին Մակրոնն այցելել էր Մոսկվա, իսկ մեկ օր անց՝ Կիև։ Ռուս ու ուկրաինացի գործընկերների հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման հնարավորությունների մասին։ Նա կարծիք էր հայտնել, որ աշխարհաքաղաքական ճգնաժամի կարգավորման համար կարող են պահանջվել ամիսներ։ «Անհրաժեշտ է միասին աշխատել, որպեսզի պահպանվի կայունություն, խաղաղություն, և գործի դրվեն վստահության մեխանիզմները։ Մենք դրանում վստահ ենք»,- փետրվարի 9-ին հայտարարել էր Մակրոնը և հավելել, որ ոչ Ռուսաստանը, ոչ եվրոպացիները շահ չունեն անկայունության ու անկարգությունների մեջ։ 

Վերջին շրջանում ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածությունն ուժեղացել է։ 2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։ 

Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունները և Արևմուտքին մեղադրում այդ երկրին զինելու ու ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հեռացնել զորքերը և սպառնում կոշտ պատժամիջոցներով։

Թարգմանությունը՝ hetq.am