Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է ՀՀ բնակչության թվաքանակը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ

Որքա՞ն է ՀՀ  բնակչության թվաքանակը  այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ
Հասարակություն
15:55, 08 май 2024
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարվա տարեսկզբին կազմել է 2 մլն 991 հազար 200 մարդ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ՝ 3 մլն 39 հազար 700  մարդ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024թ. հունվար-մարտին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 113.4%, 2023թ. նույն ժամանակաշրջանի 130.0 %-ի համեմատ (նախնական տվյալներ): 

Հունվար-մարտին ՀՀ-ում ծնվել է 8 059 մարդ, մահացել՝ 7 104-ը, բնական հավելաճը կազմել է 955 մարդ, գրանցվել է ամուսնության 3 885, ամուսնալուծության 1 104 դեպք։  

Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել են նորագոյացություններից մահվան դեպքերը՝ կազմելով 1 299՝  նախորդ տարվա 1 248-ի դեպքի դիմաց։ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել են՝ 3 972 դեպք՝ 3 728-ի դիմաց։ Այս տարվա հաշվետու ժամանակաշրջանում «Քովիդ-19»-ից մահացել է 1 մարդ՝ նախորդ տարվա 35 մարդու դիմաց։ 0-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել են՝ 70 դեպք։ 2023-ին արձանագրվել է 62,  2022-ին՝ 67 այդպիսի դեպք։