Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, գրեթե ամենօրյա ռեժիմով ռմբակոծվում, ավերվում է․ Խարկովում պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ

Ուկրաինայում մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, գրեթե ամենօրյա ռեժիմով ռմբակոծվում, ավերվում է․ Խարկովում պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ
Աշխարհ
18:05, 06 июль 2022
«Խարկովում իրավիճակը նորից կայուն չէ։ Այսօր էլ տեսանք, որ Խարկովի մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկն է ռմբակոծվել, ավերվել, նախորդ օրը դպրոց էր ռմբակոծվել։ Խարկովը գրեթե ամենօրյա ռեժիմով ռմբակոծվում, ավերվում է», -այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում պատվավոր հյուպատոսության մշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ինչ վերաբերվում է բնակիչներին՝ այն մարդիկ, որոնք այդպես էլ որոշել են մնալ քաղաքում, մնում են, այսինքն՝ նրանք չեն նայում իրավիճակին, իրենք մնում են իրենց տներում, իսկ ովքեր որ ցանկություն էին հայտնել դուրս գալու, արդեն վաղուց դուրս են եկել։
 
«Ճիշտ է մի որոշ շրջան համեմատաբար խաղաղ էր, այդ ռմբակոծությունները այս ինտենսիվությամբ չէին, մի պահ կարելի է ասել՝ դադարել էին և մարդիկ մտածեցին, որ կարելի է վերադառնալ շատերը ովքեր որ Եվրոպայում էին կամ Ուկրաինայի արևմտյան շրջաններում, վերադարձան քաղաք, բայց այժմ նորից լարված է։ Նույնն էլ վերաբերվում է հայերին, ովքեր որոշել են մնալ, դուրս չգալ,  այդպես էլ մնում են իրենց տներում»,-ասաց Համլետ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ բազմիցս փորձել են ճշտել, թե քանի հայ է դուրս եկել քաղաքից, բայց ցավոք, այդ ինֆորմացիան չի տրամադրվել ։

Համլետ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Ուկրաինայում ապրել է մոտ կես միլիոն հայ, իսկ Խարկովում և Խարկովի մարզում՝ մոտ 20 000 հայ։ 

Ինչ վերաբերում է ազգությամբ հայ զոհերի թվին, Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ հստակ թիվ չի կարող նշել, բայց ազգությամբ հայ զոհերի թիվը շատացել է, որոնց թվում եղել են հիմնականում կամավորական կռվող հայեր և ուկրաինական բանակում ծառայող  ազգությամբ հայ, բայց Ուկրաինայի քաղաքացի զինվորներ։

Համլետ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Օդեսայում էլ են երբեմն ռմբակոծում, բայց դա իհարկե անհամեմատելի է Խարկովի հետ։

Մի քանի օր առաջ այնտեղ էլ էր եղել պայթյուն։

Հարցին, թե ինչո՞ւ են հատկապես Խարկովում այդքան շատ ռմբակոծություններ լինում, Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ  Խարկովը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, ինչպես նաև Ռուսաստանին ամենամոտ քաղաքն է, ամենասահմանակից քաղաքն է, մոտ մեկ ժամվա ճանապարհ է դեպի ռուսական Բելգորոդ։

«Խարկովը ամեն առումով Ուկրաինայի ամենաարագ զարգացող քաղաքներից էր, և համարվում էր օրինակելի քաղաք և տպավորություն է ստեղծվում, որ հենց նպատակաուղղված այդ ենթակառուցվածքներն են վնասվում, որ քաղաքում հնարավոր չլինի մոտակա տարիներին ապրել։ Որովհետև եթե նայում ենք՝ հիվանդանոցի շենքն է վնասվել, բազմաթիվ դպրոցներ են ռմբակոծվել, վնասվել, ուսումնական հաստատություններ։ Այսինքն՝ այդ կառույցները բացարձակապես իրենցից ոչ մի ռազմական օբյեկտ չեն ներկայացնում։  Եվ երբեմն կարդում ենք, որ ասում են ուկրաինական ինչ-որ զորքեր այդտեղ են եղել կամ մոտ դրված ինչ-որ տեխնիկա է եղել դրա համար է այդպես եղել, դա սուտ է։ Պարզապես  նպատակաուղղված վնասում են այդ ենթակառուցվածքները, որ հնարավոր չլինի արագ վերակագնել և քաղաքում ապրել»,-ասաց Համլետ Հովհաննիսյանը։      

Լիլիթ Թադևոսյան