Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում արդեն ունենք մոտ 2 տասնյակ իդենտիֆիկացված հայ զոհ․ Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական

Ուկրաինայում արդեն ունենք մոտ 2 տասնյակ իդենտիֆիկացված հայ զոհ․ Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական
Հասարակություն
18:31, 22 март 2022
«Խարկովում և Խարկովի մարզում մինչև պատերազմը ոչ պաշտոնական թվերով ապրել են 18 000-ից 20 000 հայեր։ Ու թեև բավականին շատ հայեր լքել են Խարկովը՝ իրավիճակից ելնելով, բայց հայերի մինիմում 50 տոկոսը դեռ մնացել են այստեղ։ Նրանք այն մարդիկ են, որոնք չեն ցանկանում թողնել իրենց տները և դեռ հույս ունեն, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Հայերից մնացել են այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, բայց ցանկություն չունեն գնալու»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ գործում են էվակուացիոն գնացքները, վալանտյորական ավտոբուսները, որոնք մարդկանց տեղափոխում են դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ և ովքեր ցանկություն ունեին արդեն կարողացել են էվակուացվել, իսկ մնացած մարդիկ դեռևս սպասում են, կա նաև Խարկովի մարզում գտնվող գյուղեր, որոնք շրջափակման մեջ են, այնտեղ ևս կան հայեր, որոնք դեռ դուրս գալու անվտանգ ճանապարհներ են փնտրում, այդ պատճառով նրանք դեռևս այնտեղ են, որոնց հետ մշտական կապի մեջ ենք և անհրաժեշտ ինֆորմացիան տրամադրում են։ 

Համլետ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հիմնական հարվածը հենց Խարկով քաղաքի վրա է եղել, և ավելի շատ տուժել է Սալտովկա բնակելի թաղամասը, այնտեղ ավելի շատ են ավերածությունները, բայց նաև հարվածի տակ են եղել մարզի այլ գյուղաքաղաքներ։ 
«Խարկով քաղաքը շրջափակված չէ, սակայն թաղամասերի ռմբակոծությունները շարունակվում են։ Եթե մի օր ակտիվ ռմբակոծություններ չեն լինում, ապա հաջորդ օրը կամ գիշերը շարունակվում է։ Թեև վերջին օրերին քաղաքի կենտրոնը չի ռմբակոծվում։ Խարկովին հասցվել են ավիահարվածներ, հրթիռային հարվածներ, հրետանի է աշխատել, սահմանփակումներ չկան, տարբեր տեսակի զինատեսակներով քաղաքը ռմբակոծվել է»,-ասաց Համլե Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմի սկզբի օրերին շատ վատ էր պարենի վիճակը, մարդիկ հազիվ էին կարողանում հաց ու ջուր, հայայթել, մեծ հերթեր էին խանութների դիմաց, և ընդհանրապես խանութներում բացակայում էր անհրաժեշտ սնունդը, սակայն հիմա արդեն քաղաքային իշխանությունները կարողացել են համակարգել և մարդիկ այս պահին սոված չեն, անհրաժեշտ պարագաները, սնունդը, դեղորայքը խանութներում կան և հումանիտար օգնություն է տրվում մարդկանց։

Համլետ Հովհաննիսյանը նաև ասաց, որ քաղաքն ունի միջանցք՝ դուրս գալու դեպի արևմտյան շրջաններ, դեպի Եվրոպայի կողմ, բայց այս պահին արդեն չկան այն խցանումները, որոնք կային սկզբի օրերին, կան իհարկե գնացողներ, բայց շատ չեն, հիմնական ցանկացողները հնարավորություն գտել են և դուրս են եկել։

Վերջինս նաև նշեց, որ ըստ հաստատված, իդենտիֆիկացված տվյալների, հայ զոհերի թիվը մոտ երկու տասնյակ է կազմում, որոնց թվում են խաղաղ բնակիչներ և զինվորականներ։   

Ի հավելումն Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը հիմա Խարկովից ուղևորվում է դեպի Լվով, տեսնելու՝ տեղահանվածներն ինչ իրավիճակում են։

Լիլիթ Թադևոսյան