Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովից հայերի կազմակերպված տարհանում չի լինելու՝ նախընտրում են իրենց միջոցներով հեռանալ. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական․ ձայնագրություն

Խարկովի մարզի որոշ վայրերում հանգիստ է, իսկ Խարկով քաղաքում շատ բարդ իրադրություն է, անընդհատ ռմբակոծվում են տարբեր շինություններ, այդ թվում՝ բնակելի։ Կա սննդի ու դեղորայքի խնդիր՝ հերթեր են գոյանում, հացը շուտ է վերջանում, շատ դեղերի տեսակներ չկան դեղատներում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Խարկովում օրերս բեկորային վնասվածքներ ստացած ընտանիքը Խարկովից տեղափոխվել է, և ընտանիքի բոլոր անդամները համեմատաբար կայուն վիճակում են գտնվում: «Ընտանիքի 4 անդամն էլ վիրավորվել էին՝ 2 երեխաները, հայրն ու մայրը։ Բեկորային վնասվածքներ էին ստացել իրենց տան խոհանոցում, հրթիռակոծվել էր տունը»,- նշեց Համլետ Հովհաննիսյանը։
Մեր հարցին՝ այսօր մարդասիրական միջանցքները բացվելուն զուգահեռ արդյոք հյուպատոսությունը հայերին ավտոմեքենաներ տրամադրելո՞ւ է տարհանման համար, Հայաստանի հյուպատոսի օգնականն արձագանքեց. «Մենք շատերին գնացքներով ենք ուղարկել, որովհետև դա ավելի անվտանգ է, քան 3-4 օր խցանումներով ճանապարհ ընկնելը դեպի Եվրոպա։ Խարկովից Եվրոպա հասնելը մեծ դժվարությունների հետ է կապված, այդ պատճառով շատերին նաև խորհուրդ ենք տալիս ապաստան գտնել Խարկովի մոտակայքում։ Մարդասիրական միջանցքի հետ կապված Խարկովից կազմակերպված տարհանում չի լինելու։ Հիմնականում իրենց միջոցներով են տեղահանվում։ Մենք երեկ ավտոմեքենա էինք գտել, որպեսզի 15 հոգի տեղափոխենք այդ միկրոավտոբուսով, բայց այսօր ասացին, որ մի մասը որոշել է գնացքով գնալ, իսկ մյուս մասն էլ մոտակա քաղաքներում կապաստանեն»։ 

Համլետ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ուկրաինայում հումանիտար միջանցքների բացումը հիմնականում արվում է Մարիուպոլ քաղաքի համար, որովհետև Խարկովից հիմնականում ամեն օր նույն ուղղություններով ժողովուրդը դուրս է գալիս ու տեղափոխվում դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ. «Այդ միջանցքն առանձնապես մեծ օգուտ չի տալու Խարկովին։  Մարդասիրական միջանցքի բացումն էլ ճանապարհների խցանումը չի վերացնի, որովհետև անընդհատ այդ շարժը կա՝ ավտոմեքենաներ են դուրս գալիս քաղաքից։ Հեռացողների մի մասը գնում է Եվրոպա, հայերի մի մասն էլ է տեղափոխվում Եվրոպա, կան նաև Հայաստան եկողներ»։

Խարկովում Հայաստանի հյուպատոսի օգնականը հիշատակեց, որ Խարկովում Հայաստանի հյուպատոսությունը գործում է, բայց ոչ հյուպատոսության շենքում, քանի որ անվտանգ չէ այնտեղ աշխատելը. «Խարկովում Ադրբեջանի և Սլովենիայի հյուպատոսություններն են ռմբակոծվել, փառք Աստծու, դեռ մեր շինությունը գտնվում է անվնաս վիճակում, բայց այս պահին այնտեղ գտնվելն ու աշխատելն անվտանգ չէ։  Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ, խորհրդատվություն ենք տրամադրում, թե որ ճանապարհներով և ինչ մեթոդներով կարելի է տարհանվել, անհրաժեշտության դեպքում նաև ավտոմեքենաներ ենք գտնում մեր քաղաքացիների համար թե՛ քաղաքում տեղաշարժվելու, թե՛ տարհանվելու նպատակով։ Եթե սննդի կամ դեղորայքի սուր անհրաժեշտություն ունեն՝ գտնում ենք նաև միջոցներ դրանք մատակարարելու համար»։  

Նարա Մարտիրոսյան 

Մանրամասն՝ ձայնագրությունում