Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եգիպտոսում 2 տուրիստի սպանած շնաձկների հարձակման փաստով հետաքննությունը դեռ արդյունք չի տվել, սակայն լողափերն արդեն բացվել են. Ինչ իրավիճակ է Հուրգադայի ափերին. լուսանկարներ

Եգիպտոսում 2 տուրիստի սպանած շնաձկների հարձակման փաստով հետաքննությունը դեռ արդյունք չի տվել, սակայն լողափերն արդեն բացվել են. Ինչ իրավիճակ է Հուրգադայի ափերին. լուսանկարներ
Աշխարհ
15:45, 07 июль 2022
Անցյալ ուրբաթ՝ հուլիսի 1-ին, Եգիպտոսի հայտնի զբոսաշրջային ավան Հուրգադայի ափերին լողացող 2 կանանց վրա մահվան ելքով շնաձկների հարձակումից հետո հարակից լողափերը կրկին վերաբացվել են, թեև լողացողները շատ քիչ են։ Այս մասին հաղորդում է Հուրգադա մեկնած Civic.am-ի լրագրող Նարա Մարտիրոսյանը։ 

«Հուրգադայում գտնվող «Տիտանիկ բիչ» հյուրանոցի լողափը բաց է առավոտվա ժամը 8-ից մինչև 6-ը, մարդկանց թույլատրվում է լողալ։ Շատ քիչ թվով մարդիկ են այստեղ եկել լողալու, կարծում եմ՝ վախեցած են, այդ պատճառով էլ քիչ են գալիս։ Լողացողներն էլ հիմնականում ափին մոտ են լողում, որպեսզի կարողանան շուտ վերադառնալ»,- պատմեց մեր թղթակիցը՝ հավելելով, որ տուրիստների մեծ մասն օգտվում է հյուրանոցների լողավազաններից և ջրային սղարաններից։ Հյուրանոցի աշխատակիցների խոսքով՝ այդտեղ ծովում թույլատրվում է լողալ, քանի որ ապահով է, թեև փրկարարներ չկան, և ռիսկը կրում են հենց լողացողները։    
Նրա խոսքով՝ շնաձկան հարձակումը տեղի է ունեցել Հուրգադայի Սահլ Հաշիշից Մաքադի բեյ ընկած ծովածոցում, որը մոտ 22 կմ դեպի հարավ է «Տիտանիկ բիչից»։

Միևնույն ժամանակ, մեր թղթակիցը պատմեց, որ Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջիկներ տանող օդանավները երեկ էլ ամբողջությամբ լիքն են մեկնել Հուրգադա և Եգիպտոսի մյուս զբոսաշրջային քաղաք՝ Շարմ էլ Շեյխ։ Եգիպտոսը վերջին տարիներին հայաստանցի տուրիստների ամենասիրած հանգստավայրերից է՝ շքեղ Կարմիր ծովի ու համեմատաբար մատչելի հյուրանոցային հանգստի համար։  

Հուլիսի 1-ին Եգիպտոսի Սահլ Հաշիշ ծովածոցում գտնվող հյուրանոցներից մեկի լողափում շնաձուկը հարձակվել էր 68-ամյա ավստրիացի կնոջ վրա, որը կորցրել էր ոտքն ու ձեռքը և մահացել Հուրգադայի հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո: Որոշ զբոսաշրջիկներ տեսանկարել էին ջրում շնաձկան հարձակման ենթարկված կնոջը, սակայն որևէ փրկարար չէր մոտեցել կնոջն օգնելու։ Այս դեպքից մոտ 2 ժամ անց հարևան հյուրանոցի ափին հայտնաբերվել էր 40-ն անց մի ռումինացի կնոջ հոշոտված դի։ Ըստ եգիպտական մամուլի՝ կնոջ մարմնի ստորին հատվածը բացակայել է։  

Այդ օրը Սահլ Հաշիշ ծովածոցի մեկ այլ՝ «Պիրամիսա Սահլ Հաշիշ»  հյուրանոցում հանգստացող մեր մյուս թղթակիցը պատմեց, որ դեպքի օրը հյուրանոցում իրենց ոչինչ չեն ասել սարսափելի դեպքի մասին, անգամ չեն զգուշացրել ավելի վաղ դուրս գալ ջրից, որևէ տագնապ չի հնչել։ «Քանի որ այդ օրը մեր հանգստի վերջին օրն էր, գրեթե ողջ օրը ծովում, ջրի մեջ եմ անցկացրել, և մեզ որևէ բան չի ասվել, ոչ ոք չի հորդորել դուրս գալ ջրից, կարծես ոչինչ չէր էլ եղել։ Դեպքի մասին իմացել ենք հաջորդ օրը, երբ արդեն գնում էինք օդանավակայան՝ Հայաստան վերադառնալու համար, Սահլ Հաշիշի «Տրոպիկանա» հյուրանոցում հանգստացած մի հայ ընտանիքից։ Սարսափելի էր պատկերացնել, որ քեզնից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ շնաձուկը ջրում մարդ է հոշոտել»,- պատմեց մեր թղթակիցը։        

Այնուհետև Եգիպտոսի իշխանությունները 3 օրով փակել էին տարածքի լողափերը և արգելել ծովային գործունեությունը՝ ներառյալ ջրասուզումը, սնորքելինգը և սերֆինգը, նաև՝ ձկնորսական նավակները: 

Եգիպտոսի հյուրանոցային պալատի կոմիտեի ղեկավար Ալաա Աքելը լրագրողներին ասել է, որ հետաքննություն է իրականացվում՝ շնաձկների վարքագծի պատճառը պարզելու համար, թեև այն մինչ այժմ կոնկրետ արդյունք չի ունեցել։ «Հաստատվել է, որ հարձակումը եղել է շնաձկից, սակայն դրա չափերն ու բնույթը պարզ չեն, այդ պատճառով ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու և միջադեպի վերաբերյալ բոլոր մանրամասները հավաքելու համար ստեղծվել է մասնագետների հանձնաժողով»։ Աքելը նաև ասել է, թե «նման հարձակում հազվադեպ է տեղի ունենում, բայց դա նորմալ է, քանի որ ծովը բաց է և պարունակում է բոլոր տեսակի ձկներ, նրանց վարքագիծը վտանգավոր է, և զբոսաշրջիկները դա գիտեն նախքան ջուր մտնելը, և հետևաբար դա կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած ծովում»: 

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նման վտանգներ պարունակող ծովի ափին գտնվող Եգիպտոսի հյուրանոցներում համապատասխան սպառազինությամբ մասնագիտացած փրկարարներ չկան, միայն սուլիչներն են օգտագործվում՝ սահմանված ծովային սահմանը հատածներին հետ կանչելու համար։ 

Եգիպտոսում զբոսաշրջիկի վրա հարձակման վերջին դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականին, երբ ուկրաինացի երեխան և եգիպտացի էքսկուրսավարը կորցրել էին իրենց ոտքերը՝ շնաձկան հարձակման հետևանքով։ 

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի խոսնակ Գայանե Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպի Եգիպտոս տուրերից հրաժարվելու  ահազանգեր իրենք չեն ստացել։ «Եթե հոսքերը մեծ լինեին, նման տեղեկություն հաստատ կգար, մեզ զանգահարում են քաղաքացիներ, բայց նման ահազանգ դեռ չենք ստացել։ Միգուցե տուրիստական կազմակերպությունները կասեն՝ չեղարկումներ ունե՞ն, թե՞ ոչ։ Իհարկե սովորաբար պայմանագրերում նշվում է, որ անվտանգության կանոններին պիտի անպայման հետևես, երբ գնում ես նման երկիր, հաշվի առնես։ Չեմ կարող ասել, որ դա ընդհանուր համակարգված մոտեցում է»,- եզրափակեց խոսնակը։

Մ. Խ.
Լուսանկարները՝ Նարա Մարտիրոսյանի