Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի կամ զորքի կուտակումներ չկան՝ կանայք ու երեխաներն անվտանգությունից ելնելով են տարհանվել. Խրամորթի համայնքապետ

Խրամորթի սահմանին Ադրբեջանի զինտեխնիկայի կամ զորքի կուտակումներ չկան՝ կանայք ու երեխաներն անվտանգությունից ելնելով են տարհանվել. Խրամորթի համայնքապետ
Հայաստան
16:36, 16 март 2022
«Խրամորթում մարտի 7-ից սկսած կրակոցներ էին հնչում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Այդ ժամանակ Խրամորթի բնակիչներն իրենց երեխաներին տեղափոխեցին ապահով վայր, սակայն երկու օր անց որոշները վերադարձան։ Երեկ՝ մարտի 15-ին, կրկին տարհանում է եղել գյուղից, բայց ոչ կազմակերպված, բոլոր երեխաներն ու կանայք տեղափոխվել են ապահով վայրեր»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի մամուլի քարտուղար Անահիտ Պետրոսյանը։ 

«Ներկայումս Խրամորթում լրացուցիչ անվտանգային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի այլևս չկրկնվեն կրակոցները, հորդորները, որպեսզի մարդիկ հանգիստ կարողանան իրենց առօրյա կյանքին վերադառնալ։ Խրամորթից կանանց ու երեխաների տարհանման որոշումը պետական որևէ մակարդակով չի եղել»,- հավելեց մեր զրուցակիցը։  

Հարցին՝ դպրոցահասակ երեխաների ուսումն այլ բնակավայրի դպրոցներում շարունակելու հարց քննարկվո՞ւմ է, Անահիտ Պետրոսյանը պատասխանեց. «Օրակարգում նման խնդիր չկա, նման հարցի քննարկում չկա, հիմա գարնանային արձակուրդներ են, կարծում եմ՝ վերադառնալու են իրենց հարազատ դպրոցը»։ 

Ասկերանի շրջանի վարչակազմի մամուլի քարտուղարն ընդգծեց նաև, որ երեկ Խրամորթում եղանակային շատ վատ պայմաններ էին՝ մառախուղ, ձյուն՝ դրան էլ գումարած գազի բացակայությունը։ 

Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանն էլ նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից զինտեխնիկայի կամ զորքի կուտակումներ չկան, գյուղում հանգիստ է՝ կրակոցներ ու հրետակոծություն էլ չկան. «Պարզապես մենք այդպես ենք որոշել, մեզ ոչ ոք չի հրահանգել, որոշել ենք, որ երեխաների ու կանանց համար ավելի ապահով լինի։  Դպրոցը փակ է անվտանգությունից ելնելով, կարող է վաղն էլ գան երեխաները, ու դպրոցի ջեռուցման հարցը կազմակերպենք»։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրերի հատվածում պարբերաբար խախտում է հրադադարը։ 

Նարա Մարտիրոսյան