Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի րոպեով իրենց օրկեստրն էր միացրել, 3 օր առաջ էլ ռազմական տեխնիկա էին կուտակել սահմանին, բայց հետո հետ քաշեցին»․ Խրամորթի գյուղապետ

«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի րոպեով իրենց օրկեստրն էր միացրել, 3 օր առաջ էլ ռազմական տեխնիկա էին կուտակել սահմանին, բայց հետո հետ քաշեցին»․ Խրամորթի գյուղապետ
Հասարակություն
12:33, 14 март 2022
«Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից օրերս տարհանված երեխաների մի մասը վերադարձել է գյուղ, բայց դպրոցում դասերը դեռ չեն սկսվել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանն ու հավելեց, որ այսօրվա դրությամբ գյուղի վիճակը հանգիստ է՝ կրակոցներ, հրետակոծություն չկա։ 

«Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն իրենց օրկեստրն էր միացրել, ադրբեջանական երաժշտություն էր հնչում, բայց մի քանի րոպե հետո անջատեցին։ 3 օր առաջ էլ ռազմական տեխնիկա էին կուտակել սահմանին, բայց ռուս խաղաղապահների հետ բանակցություններից հետո այդ տեխնիկան հետ քաշեցին»,- նշեց մեր զրուցակիցը։  

Արցախի ԱԺ պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի հետ կապի մեջ են՝ հաստատում են, որ ականանետներով գնդակոծության ժամանակ ադրբեջանական կողմը մի քանի գյուղերի ուղղությամբ ռազմական տեխնիկա էր առաջ բերել, բայց հավատացնում են՝ վերահսկելի է իրավիճակը: «Իրենց բերած տեխնիկան, շարժը դիտարկվում է՝ վերահսկելի է։ Արդեն 2-3 օր է՝ հանգիստ է, ադրբեջանական կողմից հնչող հորդորներն էլ դադարել են»,- ասաց նա։  

Ինչ վերաբերում է դեռևս մարտի 8-ից ադրբեջանական վերահսկողության հատվածում վնասված գազատարը վերանորոգելուն՝ պատգամավորը նշեց, որ բանակցությունները շարունակվում են, և Արցախի սակրավորները դեռ չեն մտել Շուշիի այդ հատվածը՝ ականազերծման աշխատանքներ կատարելու, որպեսզի հետո կարողանան վերանորոգել գազատարը։ Թե ինչու է ադրբեջանական կողմը մերժում, պատգամավորի խոսքով՝ տեղեկություն չունի, թե մերժումներն ինչով են պայմանավորված: «Հոսանքազրկումներն էլ կապված են մեծ լարվածության հետ, վթարներ են տեղի ունենում՝ մոտ 1-1,5 ժամով անջատում են լույսը, բայց հիմնականում հոսանքը դեռ կա»,- հավելեց Դավիթ Բաղդասարյանը։  

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը օրերս հրապարակել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերաբար խախտվող հրադադարի մասին։ Հաղորդագրությունների մեջ նշվել էր, որ հրադադարը խախտվել է ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ 

Նարա Մարտիրոսյան