Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի դպրոցն այսօր փակ է, մինչև առավոտյան ժամը 11։00-ն Ադրբեջանի զինծառայողներն անընդմեջ կրակել են գյուղի ուղղությամբ․ Խրամորթի դպրոցի տնօրեն

Խրամորթի դպրոցն այսօր փակ է, մինչև առավոտյան ժամը 11։00-ն Ադրբեջանի զինծառայողներն անընդմեջ կրակել են գյուղի ուղղությամբ․ Խրամորթի դպրոցի տնօրեն
Հասարակություն
12:45, 10 март 2022
«Խրամորթի դպրոցն այսօր փակ է, շատ վատ էր գյուղի վիճակը, գիշերը ծնողներն իրենց երեխաներին հանել են գյուղից, բայց ընդհանուր տարհանում չի կազմակերպվել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ երեկ՝ մարտի 9-ի ցերեկը ժամը 4-ից մինչև այսօր՝ մարտի 10-ը մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածը, Ադրբեջանի զինծառայողներն անընդմեջ կրակել են գյուղի ուղղությամբ։

«Ծնողների մի մասը, ովքեր երեխաներին հանել էին գյուղից, վերադարձել են գյուղ, իսկ ում երեխան փոքր է՝ ծնողը մնացել է հետը։ Ռուս խաղաղապահներն են եկել, մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ են գյուղում, բայց դեռ չգիտենք, թե ինչ քայլեր կձեռնարկեն»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Խրամորթ գյուղի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանն էլ նշեց, որ գյուղի կանայք արդեն գյուղում են, իսկ երեխաներին տարել են մոտակա գյուղերում գտնվող իրենց բարեկամների տուն։  

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողներն արդեն տևական ժամանակ է՝ փորձում են Խրամորթ գյուղի բնակիչներին վախի մնթնոլորտում պահել. նախ կրակել էին Խրամորթի դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետ բարձրախոսներով գյուղացիներին հորդորել էին լքել գյուղը՝ եթե անհանգստանում են իրենց երեխաների համար, իսկ վերջին օրերին էլ ականանետներից կրակոցներ են արձակում։ 

Այսօր՝ մարտի 10-ին, Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ առավոտյան գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արձակված ականանետների կրակոցից Խրամորթի խաղաղ բնակիչ է մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացել: Ըստ Արցախի ՆԳՆ հաղորդագրության՝ հակառակորդի արձակած ականը պայթել է տան բակում:

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ևս անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին և ընդգծել, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են հնչել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ 

Նարա Մարտիրոսյան