Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սոթքում այս պահին անկանոն կրակոցներ կան․ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է»․ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ պաշտոնական ներկայացուցիչ

«Սոթքում այս պահին անկանոն կրակոցներ կան․ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է»․  «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ պաշտոնական ներկայացուցիչ
Հայաստան
17:08, 17 август 2021
«Սոթքի հանքավայրում լարված իրավիճակ է անկանոն կրակոցների պատճառով։ Կրակոցները հենց հանքավայրի տարածքում են տեղի ունենում, քանի որ սահմանային մի մասն անցնում է հենց հանքավայրի տարածքով։ Հետևաբար որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքն ու տարհանել հանքավայրի աշխատակիցներին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ այսօրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ կրակոցներ են հնչում հանքավայրի ուղղությամբ. «Գիշերն էլ են եղել կրակոցներ, մինչև ժամը 3։00-ը։ Այդ ժամանակ ևս հերթապահ աշխատակիցների տարհանում ենք արել, որպեսզի ապահովենք իրենց անվտանգությունը։ Սա արդեն օրվա կտրվածքով երկրորդ դեպքն է»։ 

«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այսօր կրակոցներն սկսվել են ցերեկը՝ ժամը 15։00-ից, և շարունակվում են մինչ այս պահը. «Աշխատակիցների տարհանման գործընթացն ավարտված է։ Մի արտադրական հերթափոխում 200-300 աշխատակից է։ Երբ անկանոն կրակոցները դադարեցվեն, հանքը կսկսի իր աշխատանքը բնականոն հունով»,- հավելեց Ռուզաննա Գրիգորյանը։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծեց, որ հունիս ամսից սկսած սա արդեն 5-րդ դեպքն է, որ կրակոցների պատճառով հանքը դադարեցնում է աշխատանքն ու տարհանում աշխատակիցներին։

Նշենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով լարված իրավիճակ է՝ թե հայկական, թե ադրբեջանական կողմերն ունեն զոհեր, ինչպես նաև վիրավորներ։

Նարա Մարտիրոսյան