Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոթքի հանքում 150 աշխատակից հրատապ տարհանվել է. Անկանոն կրակոցներ են․ pastinfo.am

Սոթքի հանքում 150 աշխատակից հրատապ տարհանվել է. Անկանոն կրակոցներ են․ pastinfo.am
Հայաստան
11:36, 28 июль 2021
Երկրորդ անգամ թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատակիցները ստիպված են եղել լքել հանքի տարածքը։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ աշխատակիցները տարհանվել են այն ժամանակ, երբ որ սկսվել են անկանոն կրակոցները։ 

«Հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում մոտ 150 մարդ: Բոլոր աշխատակիցները հրատապ տարհանվել են և տվյալ պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով»։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ևս Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։