Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանցագործություն և բարբարոսություն. Դա Պուտինի թուլության, ոչ թե ուժի ցուցադրությունն է». եվրոպացի առաջնորդները՝ Ուկրաինայի հրթիռակոծության մասին

«Հանցագործություն և բարբարոսություն. Դա Պուտինի թուլության, ոչ թե ուժի ցուցադրությունն է». եվրոպացի առաջնորդները՝ Ուկրաինայի հրթիռակոծության մասին
Աշխարհ
18:40, 10 октябрь 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային և չափազանց մեծ անհանգստություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունների կապակցությամբ, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես զրուցել է Զելենսկու հետ և հավաստիացրել նրան Բեռլինի և G7-ի այլ երկրների աջակցությունը, հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնյան։

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հրթիռային հարվածներն անվանել է «բարբարոսության ակտ և ռազմական հանցագործություն»՝ հավելելով. «Ռուսաստանը չի կարող հաղթել այս պատերազմում։ Մենք ձեզ հետ ենք, Ուկրաինա»։

 Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին արտահայտել է նմանատիպ կարծիք՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա անընդունելի են և դարձել են Պուտինի թուլության, ոչ թե ուժի ցուցադրությունը:

 Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարել է, որ մի քանի ռուսական թևավոր հրթիռներ, որոնք թիրախավորել են Ուկրաինան, հատել են իրենց օդային տարածքը։ Նա հաստատել է, որ Մոլդովան կանչել է երկրում Ռուսաստանի ներկայացուցչին, որպեսզի բացատրություն պահանջի այդ խախտման վերաբերյալ։