Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինձ կարող է սպառնալ 561 տարվա ազատազրկում». Թրամփը դիմել է իր կողմնակիցներին

«Ինձ կարող է սպառնալ 561 տարվա ազատազրկում». Թրամփը դիմել է իր կողմնակիցներին
Աշխարհ
10:59, 03 август 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին հղած ուղերձում հայտարարել է, որ երեք քրեական գործերով իրեն սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։

«ԱՄՆ-ի կոռումպացված արդարադատության նախարարությունը, որը գտնվում է խաբեբա Ջոյի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն) վերահսկողության ներքո, կրկին մեղադրանք է առաջադրել ինձ: Եվ ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ինձ կարող է սպառնալ ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում ձախ ուժերի կողմից անցկացվող «վհուկների որսի» պատճառով: Դա վեց կյանք է: Բայց նա, ով փորձում է մեկ այլ մարդու բանտ ուղարկել վեց ցմահ ժամկետով, ցույց է տալիս բոլորին, որ ինքն է վախենում»,- գրել է Թրամփը։ 

Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել իր հետ միասին «խաղաղ կերպով հանդես գալ Ամերիկան բռնապետության մեջ գլորելու» դեմ և առաջարկել է նվիրատվություններ անել իր նախընտրական արշավին, ինչը սովորական պրակտիկա է ԱՄՆ քաղաքական ելույթներում:

Նախօրեին Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի հունվարի 6-ին նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա գրոհելու գործով։ Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ֆինանսական խարդախության և գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու համար։