Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոնալդ Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում՝ ֆինանսական փաստաթղթերի կեղծման 34 կետերով. Fox News

Դոնալդ Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում՝ ֆինանսական փաստաթղթերի կեղծման 34 կետերով. Fox News
Միջազգային
12:27, 06 апрель 2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջին կարգի ֆինանսական փաստաթղթերի կեղծման 34 կետերով։ 

Մեղադրանքները ենթադրում են առավելագույն պատիժ՝ 136 տարվա ազատազրկում, թեև իրական պատիժը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի, եթե մեղավոր ճանաչվի մեղադրանքներից որևէ մեկի կամ բոլորի համար:

Պաշտոնական փաստաթղթերի կեղծումը Նյու Յորքում համարվում է փոքր իրավախախտում, բայց երբ հանցագործը դրան դիմել է «մեկ այլ հանցագործություն կատարելու» կամ «դրա կատարումը թաքցնելուն օգնելու» նպատակով, խոսքը կարող է վերաբերել առավելագույնը չորս տարվա ազատազրկման։

Նյու Յորքի շրջանային դատավոր Էլվին Բրեգի խոսքով՝ դրանց կեղծումը կարող է վերաբերել հանցավոր գործարքի՝ ընտրություններում ապօրինի միջոցներով թեկնածու առաջադրվելու նպատակով։ Բացի դրանից, հնարավոր է  կատարվել են մի շարք կեղծ հայտարարագրումներ հարկային մարմինների համար, և կարող են տեղի ունեցած լինել նաև դաշնային ընտրական օրենսդրության այլ խախտումներ, նշել է նա։

«Ընդհանուր առմամբ, 34 կեղծ գրառում է մտցվել գործնական փաստաթղթերի մեջ Նյու Յորքում, որպեսզի թաքցվի նախնական գաղտնի վճարումը՝ 130 000 դոլարի չափով»,- ավելացրել է Բրեգը։

Նշենք, որ Ամերիկայի պատմության մեջ սա առաջին անգամ է, երբ նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվում քրեական հանցագործության կասկածանքով։

Նախկին նախագահին առաջադրված մեղադրանքն առնչվում է 2016 թվականին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 30 հազար դոլար վճարելուն՝ Թրամփի հետ սեքսուալ հարաբերության մասին լռելու համար: Մանհեթենի շրջանային դատախազը համարում է, որ Թրամփը խախտել է ընտրական օրենսդրությունը՝ վճարման համար օգտագործելով ընտրական հիմնադրամի գումարները։