Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը առժամանակ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը առժամանակ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում
Տարածաշրջան
18:35, 24 январь 2024
Ադրբեջանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարություն է տարածել, հայտնելով որ առժամանակ դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դեմ է իր պատվիրակության լիազորությունների սահմանափակման գործընթացին և դա համարում «լուրջ հարված Եվրոպայի խորհրդի հեղինակությանն ու անաչառությանը»։ 

Ըստ Ադրբեջանի պատվիրակության. «ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»:

Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր երեկոյան քվեարկության կդրվի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը: Նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն է։

Ըստ գերմանացի պատվիրակի՝ հենց ադրբեջանական պատվիրակության ուղիղ պատասխանատվության հետևանքով է, որ Վեհաժողովի զեկուցողներն անցած տարի առնվազն երեք անգամ չեն կարողացել այցելել Լաչինի միջանցք։ Բաքուն հրաժարվել է նաև ընդունել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու Վեհաժողովի առաջարկը:

Եվրոպացի պատվիրակն իր առաջարկը ներկայացնելիս շեշտել է՝ Բաքվի վարչակազմի քաղաքանության պատճառով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ է բռնի տեղահանվել, երկրում քաղբանտարկյալներն ավելանում են։