Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողջունում ենք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորության դադարեցման քննարկումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

Ողջունում ենք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորության դադարեցման քննարկումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
Տարածաշրջան
18:43, 24 январь 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։

«ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ պատգամավորների այս նախաձեռնությունը՝ կարևորելով կատարված անօրինությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
ԵԽԽՎ-ում բարձրաձայնված անօրինականությունները շատ քիչ մասն են այն իրականության, որ տիրապետում է Ադրբեջանում։ Քաղբանտարկյալների մասին խոսելիս իրապես անհրաժեշտ է շեշտել, որ Ադրբեջանը կեղծ հիմունքներով դատական գործեր է հարուցում դեռևս Լաչինի անցակետից Կարմիր խաչի հոգածության տակ գտնվող անձանց նկատմամբ՝ բեմադրելով կամայական դատավարություններ և նախաձեռնելով անարդարացի վճիռներ։

Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնիկ հայերի ողջ գույքն ու ունեցվածքը ենթարկվում է անվերահսկելի թալանի, մինչդեռ Ադրբեջանը պետք է անմիջապես անվտանգության արտակարգ երաշխիքներ տրամադրեր հայության վերադարձի, կյանքի և գույքի ապահովության համար։ Իսկ նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սպասվող ընտրակեղծիքների և Իլհամ Ալիևի՝ նախապես բեմադրված բացարձակ հաղթանակի նախերգանք։

Եվրոպական շրջանակներում, ցավոք, թարմ են պատկերացումները միայն վերջին շրջանում Ադրբեջանի հանցավոր գործունեության վերաբերյալ, սակայն արդի իրողությունները հարկ է դիտարկել պատմության պրիզմայի ներքո: Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը շարունակությունն էր 90-ականներին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Շամխորի և այլ հայաշատ տարածքների հայաթափման, իսկ Ադրբեջանում ժողովրդավարական պրոցեսների քողի տակ դիկտատուրայի վերարտադրման պրակտիկան հիմնադրվել է դեռևս Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում՝ արտաքին աշխարհի անտարբերության ֆոնին:

Այն ժողովրդավարությունը, որը ծագեց արևմուտքում, տապալեց աշխարհի բազմաթիվ բռնապետություններ և վերածվեց խաղաղեցման և բարօրության առանցքային միջոցի, դաժանաբար սպանվեց Ադրբեջանում, որտեղ տեղի է ունենում ուղղահայաց դիկտատուրայի աներկբա վերարտադրություն՝ հիմքում ունենալով հայատյացությունն ու մարդատյացությունն առհասարակ»,- ասված է միության հայտարարության մեջ։