Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր ենք համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը. ՀՀ փոխվարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին

Կարևոր ենք համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը. ՀՀ փոխվարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին
Տարածաշրջան
16:04, 24 август 2022
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում: Այս մասին Civic.am-ին տեղեկացրել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։

Մենք հարցում էինք ուղարկել փոխվարչապետին՝ տեղեկանալու, թե արդյոք հայկական կողմի ձեռքի տակ կա՞ն քարտեզներ, որոնցով առաջնորդվելու է հայկական կողմը, և ո՞ր թվականի քարտեզներն են դրանք։ Ի պատասխան մեր այս հարցի՝ փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են հետևյալ կերպ. «Նախքան քարտեզների հարցին անդրադառնալը՝ կարևոր ենք համարում տարածքի նկատմամբ տիտղոսի իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի համակողմանի վերլուծությունը՝ հիմք ընդունելով ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»։   

Նշենք, որ հանձնաժողովների առաջին նիստը կայացել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանին՝ մայիսին։ Եվ Հայաստանի, և Ադրբեջանի հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

Հայկական կողմն իր հանձնաժողովի կազմում ընդգրկել է արտաքին գործերի նախարարի տեղակալին, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների տեղակալներին, Կադաստրի կոմիտեի նախագահի 2 տեղակալներին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետին, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալին, ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետին։ 

Նարա Մարտիրոսյան