Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. Կոպիրկին
Ռուսաստան
10:48, 19 январь 2024
Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը: Դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում, այցելություններ: Մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում, և բնականաբար ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարության՝ նախագահի, վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։ 

Նրա խոսքով՝ միջպետական հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ են բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ 

«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում: Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումներ են, դրանք կիրականացվեն և բնականաբար կպահանջեն շփումներ, այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։
Դիվանագետը հավելել է, որ ռուսական կողմից հայ գործընկերներին մի շարք հրավերներ կան՝ մասնակցելու 2024 թվականին ծրագրված նշանակալի միջոցառումներին։

«Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այդ հարցերի վրա: Բնականաբար, այդպիսի փոխանակումները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով այցելությունները, օրակարգում են»,- հայտարարել է դեսպանը։