Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ. Լավրովը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ. Լավրովը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը
Ռուսաստան
16:06, 20 март 2023
Ռուսաստանի հետ համագործակցությունն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Մենք կարևորում ենք բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ոչ վաղ անցյալում հանդիպել ենք Դելիում միջազգային համաժողովի շրջանակներում: Խոսել ենք հընթացս, բայց բավականին կոնկրետ: Պայմանավորվել ենք ավելի մանրամասն զրույց ունենալ հաջորդ՝ ամբողջական ձևաչափով հանդիպման ժամանակ»,- ասել է Լավրովը։ 

Նա նշել է, որ երկու առաջնորդների միջև շարունակվում է ինտենսիվ երկխոսությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։ Այս տարվա մայիսին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, տնտեսության մեջ ներդրում կատարողը: Անցյալ տարի առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 5 միլիարդ դոլարի։ «Մենք դեռ դոլարով ենք հաշվում, բայց դա ժամանակավոր է»,- ընդգծել է Լավրովը։

Այս ամենը, նրա խոսքով, թույլ է տվել Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ, գործարար ակտիվության աճ։ Ռուսական ընկերությունները առաջատար են նաև Հայաստանի բյուջե կատարվող ներդրումների, աշխատատեղերի ստեղծման առումով։

Լավրովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է միասնական կրթական, գիտական և լեզվական տարածության ամրապնդմամբ։ Այն պատրաստ է աշխատել հումանիտար կապերի և տարածաշրջանների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։