Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վագներ»-ը փորձել է միջուկային զենքը գրավել. Reuters

«Վագներ»-ը փորձել է միջուկային զենքը գրավել. Reuters
Ռուսաստան
11:34, 11 июль 2023
Հունիսի 24-ին դեպի Մոսկվա երթի ժամանակ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների մի մասը ուղղվել է դեպի ռուսական բանակի ամրացված բազա, որտեղ պահվում է միջուկային զենքը, գրում է Reuters-ը՝ վերլուծելով խմբավորման տեղաշարժերի տեսանյութը և զրուցելով տեղի բնակիչների հետ։

Գործակալության տվյալներով՝ «վագներականները» հասել են մինչև Վորոնեժի մարզի Տալովայա քաղաք, որտեղ նրանց հետ մարտի մեջ են մտել ռուս զինվորականները։ Հենց այս վայրի կողքին խոցվել է ՊՆ Կա-52 ուղղաթիռներից մեկը։ Վարձկանների նպատակն էր թափանցել Վորոնեժ-45 բազա։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Reuters-ին հայտնել է, որ ապստամբներին հաջողվել է դուրս գալ դեպի միջուկային զենքով բազա։ Նրա խոսքով՝ «վագներականները» պատրաստվում էին ստանալ ոչ մեծ միջուկային լիցքեր, որոնք կարելի է տեղափոխել ուսապարկով։ Բուդանովը պնդում է, որ այդ կերպ ապստամբները ցանկացել են «բարձրացնել խաղադրույքները»։ 

Միջուկային զենքը, որը կարելի է տեղափոխել ուսապարկով, ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակաշրջանում, և 1990-ականների սկզբին Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են ոչնչացնել դա, հիշեցնում է Reuters-ը: Այնուամենայնիվ, միջուկային զենքի չտարածման համար պատասխանատու ԱՄՆ նախկին պաշտոնյաները խոստովանում են, որ Ռուսաստանը կարող է խախտել խոստումը: 
 Բուդանովի վարկածը մասամբ հաստատել է Կրեմլին մերձ աղբյուրը, որը կապ է ունեցել զինվորականների հետ։ Նրա խոսքով՝ «Վագներին» «հաջողվել է հայտնվել հատուկ ուշադրության գոտի»։ «Ամերիկացիները հուզված էին, քանի որ այնտեղ միջուկային զենք է պահվում»,- հավելել է աղբյուրը։

Միջադեպը անհանգստություն է առաջացրել Կրեմլում և նպաստել ապստամբների հետ արագ բանակցություններին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ: