Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատրաստ է որոշ աֆրիկյան երկրների անվճար մատակարարել 25-50 հազար տոննա հացահատիկ. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է որոշ աֆրիկյան երկրների անվճար մատակարարել 25-50 հազար տոննա հացահատիկ. Պուտին
Ռուսաստան
16:52, 27 июль 2023
Ռուսաստանը պատրաստ է որոշ աֆրիկյան երկրների առաջիկա երեք-չորս ամսում անվճար մատակարարել 25-50 հազար տոննա հացահատիկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան-Աֆրիկա» ֆորումի լիագումար նիստում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է հացահատիկ մատակարարել Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին, Սոմալիին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը և Էրիթրեային։

«Մենք կապահովենք այդ ապրանքների անվճար առաքում սպառողներին»,- ասել է ՌԴ նախագահը։

Իր ելույթի ժամանակ Պուտինը կրկին հայտարարել է, որ արևմտյան երկրները «խոչընդոտներ են ստեղծում» ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման համար, իսկ մյուս կողմից՝ «երեսպաշտորեն մեղադրում են մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամի մեջ»։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումը «հատկապես հստակ դրսևորվել է, այսպես կոչված, հացահատիկի գործարքի իրականացման ժամանակ»։ 

Պուտինը նաև պնդում է, որ Ռուսաստանի մասնաբաժինը ցորենի համաշխարհային շուկայում կազմում է 20%, իսկ Ուկրաինայինը՝ 5%-ից պակաս, ուստի Ռուսաստանի Դաշնությունը «զգալի ներդրում ունի համաշխարհային պարենային անվտանգության մեջ և գյուղմթերքի հիմնական, պատասխանատու միջազգային մատակարարն է»։

 «Եվ նրանք, ովքեր պնդում են, թե դա այդպես չէ, որ միայն ուկրաինական հացահատիկի արտահանման այս, այսպես կոչված, հացահատիկի գործարքի ապահովումն է, ուղղակի խեղաթյուրում են փաստերը, նրանք չեն ասում ճշմարտությունը։ Ըստ էության, դա եղել է արևմտյան որոշ պետությունների պրակտիկան տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ: Մեր երկիրը, այդ թվում՝ իր հումանիտար մատակարարումներով, կշարունակի աջակցել կարիքավոր պետություններին և տարածաշրջաններին»,- հավելել է նա։