Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հերթական անգամ ԵՄ-ն խաբեց զարգացող երկրներին». Պուտինը՝ «հացահատիկային գործարքից» հնարավոր դուրս գալու մասին

«Հերթական անգամ ԵՄ-ն խաբեց զարգացող երկրներին». Պուտինը՝ «հացահատիկային գործարքից» հնարավոր դուրս գալու մասին
Աշխարհ
12:04, 07 сентябрь 2022
Մոսկվան ամեն ինչ արել է, որպեսզի ուկրաինական հացահատիկը արտահանվի։ Սակայն արդյունքում այն ուղարկվել է ոչ թե զարգացող երկրներ, այլ ԵՄ երկրներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող «Արևելյան տնտեսական ֆորում-2022»-ում։

ՌԴ նախագահի գնահատականով՝ 87 նավերից միայն 2 նավ է ուղարկվել Աֆրիկա։ Դրանցում եղել է 67 հազար տոննա հացահատիկ 2 միլիոն տոննայից։ «Դա ընդամենը 3 տոկոսն է, որ ուղարկվում են զարգացող երկրներ։ Ինչպես եվրոպական շատ երկրներ նախորդ տասնամյակներում և հարյուրամյակներում գործում էին որպես գաղութարարներ, նրանք շարունակում են այդպես գործել նաև այսօր:

Հերթական անգամ պարզապես խաբեցին զարգացող երկրներին և կշարունակեն խաբել»,- պնդում է Վլադիմիր Պուտինը։

Նրա կարծիքով՝ «այդպիսի մոտեցմամբ աշխարհում պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան»։ Դա կարող է հանգեցնել «չտեսնված հումանիտար աղետի», կարծում է Պուտինը։ 

Ուստի Վլադիմիր Պուտինը կարծում է, որ գուցե արժե սահմանափակել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը։ Նա խոստացել է այս մասին խորհրդակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

«Գուցե պետք է մտածել այդ երթուղով հացահատիկի և այլ պարենային ապրանքների արտահանման ուղղությունը սահմանափակելու մասին։ Այս թեմայով անպայման կխորհրդակցեմ Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ»,- հստակեցրել է ՌԴ նախագահը։