Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է կազմում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ. երրորդ եռամսյակում. Վիճկոմիտեն ներկայացրել է աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները՝ սկսած 2018-ից

Որքա՞ն է կազմում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ. երրորդ եռամսյակում. Վիճկոմիտեն ներկայացրել է աշխատավարձերի բարձրացման  ցուցանիշները՝ սկսած 2018-ից
Տնտեսություն
15:24, 28 ноябрь 2023
2023թ. III եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 265 հազար 544 դրամ: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (11.3%) միտում գրանցված գնանկման (0.1%) նկատմամբ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2023թ. հունվար-սեպտեմբեր» տեղեկագրից։ 

ՎԿ-ն ներկայացրել է նաև տվյալներ 2018-2022 թթ. միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2018-ին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ, 2019-ին՝ 182 հազար 673 դրամ, 2020-ին՝ 189 հազար 716 դրամ, 2021-ին՝ 204 հազար 48 դրամ, 2022-ին՝ 235 հազար 576 դրամ։ Միջին անվանական աշխատավարձի ցուցանիշներով ամենացածրը 2022-ին Շիրակի մարզն է՝ 127 հազար 381 դրամ, ամենաբարձրը՝ Սյունիքի մարզը՝ 304 հազար 540 դրամ։ Երևանում 2022-ին միջին անվանական աշխատավարձը կազմել է 266 հազար 164 դրամ, Արարատի մարզում՝ 193 հազար 844 դրամ, Կոտայքում՝ 163 հազար 643 դրամ, սահմանամերձ Տավուշում՝ 147 հազար 227 դրամ։   

 Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2023թ. II եռամսյակում կազմել է 1 372.1 հազ. մարդ, որոնց 88.3%-ը կամ 1 211.4 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 20.1%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:

Հ. Մ.