Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է. Հունվարի վերջի տվյալներով՝ ՀՀ-ում ամենամեծ թվով աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են

Միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է. Հունվարի վերջի տվյալներով՝ ՀՀ-ում ամենամեծ թվով աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են
Հասարակություն
12:21, 14 март 2023
Այս տարվա հունվարի վերջի  դրությամբ հանրապետությունում աշխատանք է փնտրում 69 հազար 60  մարդ, որոնցից 48 հազար 153-ը գործազուրկ է։  Գործազրկության ցուցանիշներն այսպիսին են՝  ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տվյալների, որոնք ամփոփել է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։  

Աշխատանք փնտրողներից  43 հազար 941-ը կին է, 25 հազար 119-ը՝ տղամարդ։ Աշխատանք փնտրող կանանցից  30 հազար 237-ը գործազուրկ է, իսկ տղամարդկանցից՝ 17 հազար 916-ը։ Հունվարի վերջի տվյալներով՝ հանրապետությունում ամենամեծ թվով աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 13 հազար 116 մարդ, որոնցից 18.8 տոկոսը գործազուրկ է։ Հաջորդիվ Արարատի մարզն է, որտեղ աշխատանք է փնտրում 8 հազար 906 մարդ, որոնցից գործազուրկ է 9.6  տոկոսը։ Կոտայքի մարզում աշխատանք է փնտրում 8 հազար 107 մարդ, որոնց 11 տոկոսն է գործազուրկ։ Լոռիում աշխատանք է փնտրում 7 979 մարդ, որոնցից գործազուրկ է 7 389-ը՝ 15.4 տոկոսը, մայրաքաղաք Երևանում հաշվետու ժամանակաշրջանում աշխատանք է փնտրում 6 հազար  711 մարդ, որոնց 8.8 տոկոսն է գործազուրկ կամ 4 հազար 251 մարդ։ Հանրապետությունում ամենաքիչ աշխատանք փնտրողները Վայոց ձորի մարզում են՝ 999 մարդ, որոնցից գործազուրկ է 1,5 տոկոսը։ 

ԱՎԿ-ն ներկայացրել է նաև տվյալներ աշխատանք փնտրողների  սեռատարիքային կազմի վերաբերյալ։  16-24 տարիքային խմբի 7 տոկոսը կանայք են, 9 տոկոսը՝ տղամարդիկ, 25-34 տարիքային խմբի 29 տոկոսը կանայք են, 24 տոկոսը՝ տղամարդիկ։  35-44 տարիքային խմբում էլ 30 տոկոսն են կանայք, 28-ը՝ տղամարդիկ։ 45-54 տարիքային խմբի  աշխատանք փնտրողների 18 տոկոսը կանայք են, 22 տոկոսը՝ տղամարդիկ,  55+ տարիքային խմբում էլ  16 տոկոսը կանայք են, 18-ը՝ տղամարդիկ։ 

ԱՎԿ-ն ամփոփել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալները  2023թ. հունվարի կտրվածքով (միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների): 

Հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը 249 հազար 278 դրամ է, պետական սեկտորում՝ 189 հազար 456 դրամ, ոչ պետական՝ 274 հազար 955 դրամ։ Ամենաբարձր միջին անվանական աշխատավարձը հունվարի դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է՝ պետական սեկտորում՝ 617 468 դրամ, ոչ պետական՝ 1 մլն 28 հազար 840 դրամ։ Տեղեկատվության և կապի ոլորտում պետական միջին անվանական աշխատավարձը կազմում է 271 հազար  434 դրամ, ոչ պետական սեկտորում՝ 848 հազար 689  դրամ։  Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում նույնպես միջին աշխատավարձը բարձր է՝ պետական՝ 417 հազար 589 դրամ, ոչ պետական՝ 506 հազար 614  դրամ։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 468 հազար 696  դրամ։ Շինարարության ոլորտում պետական միջին աշխատավարձը 237 հազար 187 դրամ է, ոչ պետական աշխատավարձը փոքր-ինչ պակաս՝ 237 հազար 23 դրամ։  Պետական կառավարման  և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության  ոլորտում միջին անվանական  աշխատավարձը կազմում է 336 հազար 503 դրամ, կրթության ոլորտում պետական աշխատավարձը 133 հազար  190 դրամ է, ոչ պետականը՝ 180 հազար  542 դրամ։ Ամենացածր աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ 131 հազար 560 դրամ։ 

Ելենա Ազատյան