Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսի հարցը լուծում չի ստացել․ ՀՀ-ից դուրս է եկել ու դեռևս Ռուսաստանում ձևակերպում չի ստացել մոտ 750 հայկական բեռնատար. մի մասը ճանապարհին է, մի մասը՝ Լարսի անցակետում. Հակառակ ուղղությամբ ևս ունենք 900 բեռնատար. ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ

Լարսի հարցը լուծում չի ստացել․ ՀՀ-ից դուրս է եկել ու դեռևս Ռուսաստանում ձևակերպում չի ստացել մոտ 750 հայկական բեռնատար. մի մասը ճանապարհին է, մի մասը՝ Լարսի անցակետում.  Հակառակ ուղղությամբ ևս ունենք 900 բեռնատար. ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ
Տնտեսություն
19:11, 01 декабрь 2023
«Այս պահի դրությամբ ՀՀ-ից դուրս է եկել ու դեռևս Ռուսաստանի Դաշնությունում ձևակերպում չի ստացել մոտ 750 հայկական բեռնատար՝ մի մասը ճանապարհին է, մի մասը՝ Լարսի անցակետում։  Հակառակ ուղղությամբ ևս ունենք 900 բեռնատար»,- այս մասին ասաց  ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
Վահան Հակոբյանը նշեց, որ խնդիրը դեռևս լուծում չի ստացել. «Այս պահի դրությամբ բեռնատարների վերադարձները շարունակվում են։ Արդեն մոտ 60-70 վերադարձով բեռնատարներ ունենք խնդիրը առաջանալուց մինչև այս պահը»։

Հարցին, թե արդյոք ընդհանրապես բեռնատար չի՞ անցել Լարսի անցակետը, Հակոբյանը պատասխանեց. «Ինչ-որ բեռներ կան, որ անցել են, բայց հստակ թիվ այս պահին դեռ չունենք։ Սպասում ենք նոր տվյալների»։ 

Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցած ԵՏՄ նիստին, որում ՀՀ-ն բարձրաձայնել էր խնդիրը, Հակոբյանը ասաց. «Քննարկման արդյունքում որոշվել է, որ «Ռոսսելխոզնադզորը», ռուսական և հայկական ՍԱՏՄ-ները աշխատանքային քննարկումներ կունենան, որի արդյունքում կփորձեն խնդիրը կարգավորել և լուծումներ գտնել։ Այս պահի դրությամբ խնդիրը դեռ կա, բայց գոնե աշխատանքները սկսվել են, և հույս ունեմ, որ շուտով կունենանք արդյունք»։

Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մեր հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է խնդրի մեջ, պատասխանել է. «Եկեք ես այս հարցին չպատասխանեմ, քանի դեռ մենք վերջնական եզրակացությունը  չունենք»։

Դավիթ Լևոնյան