Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա արձագանք է գնաճին. Հին գյուղատնտեսությունից մնում է միայն ուրվականը. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Մինչև 3 հա հողատարածք մշակողները ազոտական, ֆոսֆորական պարարտանյութերի համար կսուբսիդավորվեն պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան՝ 9000 դրամը։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հողօգտագործողներին մատչելի գնող պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը կառավարությունը հաստատեց այսօրվա նիստին։

Քերոբյանը նկատեց՝ պարարտանյութերի կտրուկ աճի պայմաններում այս ծրագիրը փոքր ֆերմերային տնտեսությունները զարգացնելու միտում ունի։

«Կոչ եմ անում գյուղացիներին մաքսիմալ շատ հողատարածքներ մշակել, քանի որ պարենային անվտանգության լուրջ խնդիր կարող է լինել։ Սննդամթերքի գներն աճելու են, ու այն, ինչ 1-2 տարի առաջ ձեռնտու չէր մշակել, հիմա ավելի գրավիչ կդառնա»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։

Վարչապետի ճշտող հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու ծրագիրը, Քերոբյանը պատասխանեց՝ մատակարարների միջոցով․

«Համայնքների ղեկավարները ճշտելու են պահանջարկը, մատակարարներին ներկայացնեն հայտը։ Ապրանքը՝ պարարտանյութը ստանալուց հետո գումարը փոխանցվելու է մատակարարին»։

Գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար վարչապետը մարզպետերին հրահանգեց լինել աչալուրջ և հետևողական։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ավանդական գյուղտնտեսությունը սպառել է իրեն, օրգանական գյուղատնտեսության զարգացման տեմպերն էլ շատ թույլ են։ Էկոնոմիկայի նախարարը, համաձայնվելով հնչեցված տեսակետի հետ, թվեր հրապարակեց․

«Նախատեսվում էր ունենալ  22 հազար հա կաթիլային եղանակով ոռոգվող հողատարածքներ, բայց ունենք դեռ 100 հա։ 35 պայմանագիր է կնքվել»։

Ավելի վաղ ընդունված որոշմամբ՝ ոռոգման կաթիլային եղանակով մինչև 3 հա հողակտորների տերերն ազատվել էին ջրի վարձավճարից։

Նա հավելեց, որ ամեն տարի ջրի հետ կապված ավելի ու ավելի լուրջ խնդիրներ ենք ունենում՝ գլոբալ տաքացման հետ կապված.

«Մենք ձեւավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որովհետեւ ակնհայտ է, որ խնդիրներ ենք ունենալու: Նաեւ ակնհայտ է, որ ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի: Ջրի խնդիր կա»,-ընդգծեց վարչապետը: