Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անչափ գոհ եմ ծրագրից, կուզեմ շարունակական լինի․ 35 կմ դաշտամիջյան ճանապարհ, պտղատու և հատապտղային այգիներ հանձնվեցին դիլիջանցիներին․ տեսանյութ

2022 թվականի մարտի 9-ին Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և Պետական հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցները աշխատանքային այցով եղան Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան քաղաքում, Աղավնավանք, Գոշ, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին վարչական շրջաններում, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված դաշտամիջյան ճանապարհների պաշտոնական հանձնումը համայնքին։

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ այն կխթանի համայնքում անասնապահության և հողի մշակման զարգացմանը, նաև ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել և պլանավորվում իրականացնել ծրագրի շրջանակներում։ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանն էլ ասաց, որ ծրագրի իրականացման շնորհիվ բնակիչներին ներգրավում են կլիմայի փոփոխություններին հարմարվելու աշխատանքներին՝ այսպիսով նաև պաշտպանելով պետական պահպանվող երկու խոշոր համալիրները՝ Դիլիջանի և Խոսրովի ազգային պարկերը։ Տնօրենի պաշտոնակատարը կարևորեց նաև բնակիչների ուսուցման աշխատանքները։

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել են 3,6 հա հատապտղային այգիներ, 1,4 հա բանջարաբոստանային սորտերի տարածման համար տրամադրվել են սածիլներ, 35 կմ դաշտային ճանապարհ է ստեղծվել, 8 ջրարբիացման կետ, ստեղծվել է 2 արևային կայան՝ ոռոգման ջրի ինքնարժեքը նվազեցնելու համար։ Հաղարծին վարչական շրջանի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են իրենց վարչական շրջանում։ Ծրագրերին արդեն իսկ մասնակցած քաղաքացիները նշեցին, որ գոհ են ծրագրից, եթե նմանօրինակ ծրագրեր լինեն, դարձյալ կօգտվեն։ Բնակիչները նշեցին նաև, որ պատրաստ են իրենք ևս մասնաբաժին ունենալ, եթե նմանատիպ այլ ծրագրեր լինեն։