Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 օրում ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ 164 իրավաբանական անձ է գրանցվել Հայաստանում, ՌԴ-ի և Ուկրաինայի թվով 668 քաղաքացիներ հաշվառվել են որպես անհատ ձեռնարկատեր

20 օրում ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ 164 իրավաբանական անձ է գրանցվել Հայաստանում, ՌԴ-ի և Ուկրաինայի թվով 668 քաղաքացիներ հաշվառվել են որպես անհատ ձեռնարկատեր
Տնտեսություն
12:10, 22 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՀՀ եկած ռուսաստանցի եւ ուկրաինացի զբոսաշրջիկներից շատերը որոշել են մեր երկրում գտնվելու հանգամանքն օգտագործել եւ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով  գրանցել ԱՁ-ներ եւ ՍՊԸ-ներ։ 

ՀՀ արդարադատության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթեւ Մկրտչյանին Civic.am-ը հարցում էր  ուղարկել՝ տեղեկանալու, թե մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝  ս․թ․ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի քաղաքացիների կողմից քանի՞ հայտ է ներկայացվել գործակալություն՝ ԱՁ, ՍՊԸ կամ կազմակերպա-իրավական այլ ձեւով գրացում ստանալու նպատակով։  Քանի՞ դիմում է բավարարվել, քանիսը՝ մերժվել եւ ինչ հիմքով։

Ի պատասխան՝ գործակալությունից հայտնել են, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ 24.02.2022-15.03.2022 թթ․ ընթացքում գրանցվել է 164 իրավաբանական անձ, և ՌԴ-ի և Ուկրաինայի թվով 668 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։ Գրավոր մերժման ակտեր չեն կայացվել։

Մեր մյուս հարցին, թե մասնավորապես ինչպիսի՞ գործունեություն (ո՞ր ոլորտում) ծավալելու նպատակով են գործակալությանը դիմել ՌԴ եւ Ուկրաինայի քաղաքացիները՝ գրանցելու կազմակերպա-իրավական վերոհիշյալ ձեւերից որեւէ մեկը՝ գործակալությունից պատասխանել են․ «Ինչ վերաբերում է տնտեսական գործունեության ոլորտին, ապա պատասխան տեղեկատվության տրամադրումը հնարավոր է բացառապես յուրաքանչյուր սուբյեկտի մասին տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում, քանի որ նշվածը չի համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրվող տեղեկատվություն»։ 

Հարցման մեջ խնդրել էինք հայտնել նաեւ, թե մարտի 15-ի դրությամբ վերոհիշյալ երկրների քաղաքացիների կողմից գրանցված
կազմակերպություններից քանի՞սն են սկսել գործունեություն ծավալել։  «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը նման տեղեկատվության չի տիրապետում»,-պատասխանել են պետռեգիստրից։ 

Նկատենք, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները Միության սահմաններում ունեն մինչև 6 ամիս ազատ բնակության իրավունք։ Հաշվառման պահանջը սկսում է գործել արդեն տվյալ երկրում գտնվելու կես տարին լրանալուց հետո։  Եթե անձը դրանից հետո շարունակում է բնակվել ՀՀ-ում և որոշակի աշխատանքով զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ։ Հարկ է նշել նաև, որ ՌԴ քաղաքացիները մեր երկրում  կարող են աշխատել նաև առանց կացության կարգավիճակի՝ ՀՀ-ում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, որի հիման վրա ՌԴ քաղաքացին հաշվառվում է ժամանակավոր բնակության հասցեով, ստանում  է հանրային ծառայությունների համարանիշ՝ հարկային պարտավորությունները կատարելու, աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։