Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել 349 ՌԴ քաղաքացի, 6` Ուկրաինայի․ ՌԴ քաղաքացիները մեր երկրում բիզնեսի նպատակով գրանցում են ԱՁ-ներ եւ ՍՊԸ-ներ

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել  349 ՌԴ քաղաքացի, 6` Ուկրաինայի․ ՌԴ քաղաքացիները մեր երկրում  բիզնեսի նպատակով գրանցում են ԱՁ-ներ եւ ՍՊԸ-ներ
Հայաստան
17:11, 15 март 2022
Շաբաթներ ձգվող ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով պայմանավորված՝ ավելացել է Ռուսաստանից և Ուկրաինայից ՀՀ եկող զբոսաշրջիկների հոսքը,  որոնք նաև դիմում են ՀՀ պատկան մարմիններին՝ ՀՀ քաղաքացիության և կացության հետ կապված խնդիրներով։  Փետրվարի 24-ի  ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանի տեղեկացմամբ, ՀՀ իշխանությունները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից  ընդհանուր առմամբ 355 դիմում են ստացել ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով։ Դիմում ներկայացրած անձանցից  349-ը ՌԴ քաղաքացիներ են, 6-ը՝ Ուկրաինայի, նրանց գերակշիռ մասն ազգությամբ հայեր են։ Պաշտոնյայի փոխանցմամբ՝ ներկա պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ նախկինում ունեցած այդ կարգավիճակը վերականգնելու ցանկություն են հայտնել ՀՀ-ից տարբեր ժամանակներում ՌԴ և Ուկրաինա արտագաղթած հայաստանցիները, որոնք իրադարձությունների բերումով դարձյալ վերադարձել են Հայաստան։ Փետրվարի 24-ից մարտի 14-ը Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու համար Անձնագրային և վիզաների վարչություն են դիմել ՌԴ-ի 74 և Ուկրաինայի 11 քաղաքացիներ։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները Միության սահմաններում ունեն մինչև 6 ամիս ազատ բնակության իրավունք։ Հաշվառման պահանջը  սկսում է գործել արդեն տվյալ երկրում գտնվելու կես տարին լրանալուց հետո։  Եթե անձը դրանից հետո շարունակում է բնակվել ՀՀ-ում և  որոշակի աշխատանքով զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ։ Հարկ է նշել նաև, որ  ՌԴ քաղաքացիները մեր երկրում  կարող են աշխատել նաև առանց կացության կարգավիճակի՝ ՀՀ-ում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, որի հիման վրա ՌԴ քաղաքացին հաշվառվում է ժամանակավոր բնակության հասցեով,  ստանում  է հանրային ծառայությունների համարանիշ՝ հարկային պարտավորությունները կատարելու, աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։ 
 
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանի տեղեկացմամբ էլ՝  Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիները մեր երկրում  բիզնես գործունեություն ծավալելու նպատակով գրանցում են ԱՁ-ներ և ՍՊԸ-ներ: Տեղեկանալու համար, թե  քանի ԱՁ և ՍՊԸ է գրանցվել ՌԴ-ից և Ուկրաինայից ժամանած քաղաքացիների կողմից  փետրվարի 24-ից սկսած մինչ օրս՝ գրավոր հարցում ենք  ուղարկել գործակալություն։ Հարցման պատասխանը՝ հաջորդիվ։    

Հեղինե Մանուկյան