Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն տալ ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում․ Արա Ֆիդանյան

«Նախագիծը մշակվել է օրենքի կիրառության ընթացքում  առաջացած գործնական խնդիրները լուծելու, ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները պատշաճ ապահովելու, ինչպես նաև քաղաքացիության հարցերի լուծման ընթացքում վարչարարությունն առավել պարզեցնելու նպատակով»,- ԱԺ-ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, ասաց հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող  ազգությամբ հայերի, նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ՝ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները։ 

Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող, չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել՝ առանց ՀՀ-ում երեք տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն։ 

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։ 

«Օրինագծով հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաև քաղաքացիության դադարեցման վերաբերյալ իրավակարգավորումները։ Բացի այդ ներկայացված նախագծով ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման բնագավառում առաջարկում ենք սկզբունքորեն նոր կարգավորումներ, որոնց նպատակն է՝ ՀՀ քաղաքացիության  դիմումների քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության կազմած դրական եզրակացություններն անմիջապես ներկայացնել ՀՀ նախագահին, իսկ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել բացաառպես ոստիկանության կազմած բացասական եզրակացությունները»,-ասաց Արա Ֆիդանյանը։