Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին նախագահի պաշտոնավարման օրոք 36 630 անձի քաղաքացիություն է շնորհվել, դադարեցվել՝ 17 234-ի քաղաքացիությունը

Նախկին նախագահի պաշտոնավարման օրոք  36 630 անձի քաղաքացիություն է շնորհվել, դադարեցվել՝ 17 234-ի  քաղաքացիությունը
Հայաստան
17:03, 15 март 2022
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքին առնչվող  հաշվետվություններում ամփոփված են ՀՀ քաղաքացիություն շնորհելոու և  քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տվյալները։  ՀՀ  Սահմանադրությունը, ինչպես հայտնի է,  նախագահին է վերապահել քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը։  Ըստ այդմ՝  հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ  քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:  

Մասնավորապես, 2018-2019 թթ. հաշվետվությունից տեղեկանում ենք, որ նախագահը 12 500 անձի քաղաքացիություն է շնորհել, 5570 անձի քաղաքացիություն էլ  դադարեցվել  է։  2019-2020 թթ. հաշվետվության տվյալներով էլ՝  12 675 անձի է քաղաքացիություն շնորհվել,  6065 անձի քաղաքացիություն դադարեցվել է։  2020-2021 թթ. հաշվետվությունից էլ հայտնի է դառնում, որ քաղաքացիություն է շնորհվել 11455 անձի, դադարեցվել 5599 անձի քաղաքացիություն։ Ընդհանուր առմամբ 2018-2021 թթ. ընթացքում քաղաքացիություն է շնորհվել  36 630 անձի, դադարեցվել է 17 234 անձի քաղաքացիություն։ 

Տեղեկացնենք, որ  ՀՀ քաղաքացիության մասին օրենքի հոդված 13-ը սահմանում է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե՝
  1. օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
  2. կարող է բացատրվել հայերենով և
  3. ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը՝ 
  1. որը մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ  քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է ՀՀ-ում կամ ունի ՀՀ  քաղաքացի երեխա
  2. որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, 
  3. որը 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 
  4. որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ  քաղաքացիությունից
  5. որը ՀՀ-ում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է ՀՀ-ում  բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձ: 
Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ  քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է:

Քաղաքացիություն ստանալու  հետ կապված հարցերի վերաբերյալ այլ  մանրամասների կարող եք ծանոթանալ  այս հղումներով՝ irtek.ammfa.am։