Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգամ մեկ տուփ սերմով կարող ես ագրոհեղափոխություն անել. «Կանաչ արահետ» ՀԿ ներկայացուցիչ. տեսանյութ

«Կանաչ արահետ» ՀԿ-ն արդեն 18 տարին բոլորած կառույց է և իրականացնում է ծրագրեր ՀՀ բոլոր մարզերում, հիմնականում՝ ներդրումային ծրագրեր։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ արահետ» ՀԿ մարքեթինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը։ 

«Այսինքն՝ երբ որ գնում ենք մարզ, խոսում ենք մշակաբույսի սերմից, մշակությունից, ապա տրամադրում ենք նաև սերմը, սածիլը, տնկին, նայած՝ ինչ մշակաբույսի թեմայով է, ընդհուպ մինչև կոոպերատիվի հիմնում, տեխնիկայի տրամադրում, այսինքն՝ դասընթացի հետ տալիս ենք նաև գործիքը։ Երբեք չենք առաջարկում յուղն ու բրինձը, այլ առաջարկում ենք սերմն ու բահը, որպեսզի գյուղացին ինքը ստեղծի իր յուղն ու բրինձը»,- ասաց Ստելլա Սարուխանյանը։

Նա նաև նշեց, որ տարբեր կազմակերպությունների հետ նախաձեռնություններ է իրականացնում գյուղերում, մասնավորապես՝ «Գունավոր դարպասների» ծրագիրը, որի դեպքում որևէ գյուղ գնալով՝ պարտադիր 2-3 ժանգոտ դարպաս է ներկում և ներկում է վառ արևի գույնով, կարմիր, կապույտ, կանաչ գույներով, ոչ դարչնագույն ու մոխրագույն, և դրանով ցանկանում է, որ վերանա հայ գյուղի գորշությունը, որը սկսվում է  դարպասից, և մենք ունենանք գունավոր, բարձր տրամադրություն ունեցող ջերմ գյուղ։  

Խոսելով նաև հաջողված ծրագրերի մասին՝ Ստելլա Սարուխանյանը նշեց Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի օրինակը։

«Դրախտիկ գյուղն ընտրեցինք մենք, իսկ իրականում գյուղը պիտի քեզ ընտրի։ Որովհետև ցանկացած գյուղում, եթե անգամ 100 000 դոլարի ներդրում անես, բայց գյուղը քեզ չընդունեց ու չցանկացավ, որ իր գյուղը զարգանա, դու դրսից ինչքան ուզում ես զարգացրու, ինքը միշտ սպասելիք ունի՝ էլի ինչ կանի թիմը, էլի ինչ կանի դրսից եկողը։ Իսկ եթե գյուղը քեզ ընդունում է և պատրաստ է զարգանալ ներսից, անգամ մեկ տուփ սերմով կարող ես ագրոհեղափոխություն անել»,- ասաց Ստելլա Սարուխանյանը 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան