Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց պատվաստվելու 100 դոլարով «կանաչ անձնագի՞ր». Բժիշկները հերքում են

Առանց պատվաստվելու 100 դոլարով «կանաչ անձնագի՞ր». Բժիշկները հերքում են
Հասարակություն
17:34, 20 май 2021
Վերջին օրերին քաղաքացիների շրջանում համառորեն լուրեր են շրջանառվում, որ որոշ բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում հնարավոր է առանց covid 19-ի դեմ պատվաստման ստանալ «կանաչ անձնագիր» կոչվածը։ Այսինքն պատվաստանյութ չի ներարկվում քաղաքացուն, սակայն տվյալները մուտքագրելով համակարգ քաղաքացին համարվում է  պատվաստված։ Հատկապես նշվում է  «Նաիրի» ԲԿ-ի անունը։ Շրջանառվող լուրերի համաձայն «Նաիրի» ԲԿ-ում դա արվում է 100 ԱՄՆ դոլարով։

«Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նախ բացառեց,որ նման բան հնարավոր է, ապա հորդորեց զանգահարել պոլիկլինիկա՝ Աիդա Յուրեվնային։ «Նախ ես դա բացառում եմ, բայց պատվաստումներով զբաղվում է  պոլիկլինիկան, իրենց զանգահարեք»,-ասաց Գնունին։

Աիդա Խեդոյանը  Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ դա բացարձակ սուտ տեղեկատվություն է և ինքը ապշած է, թե ինչպես կարող է նման տեղեկատվություն տարածվել «Նաիրի» ԲԿ-ի հասցեին.«Բացառվում է նման բան։ «Նաիրի» ԲԿ-ն այս պահին էլ վակցինա չունի, որ  պատվաստում անի։ Ինչպե՞ս կարող է պատվաստում չարած անձնագիր տալ։ Ես բացառում եմ, որ որևէ աշխատակից կարող էր որոշակի գումարի դիմաց նման բան անել։ Լիովին բացառում եմ»,-ասաց  նա։

Տիկին Խեդոյանը նշեց, որ իրենք պատրաստվել են պատվաստում իրականացնելու համար, հիվանդասենյակ են առանձնացրել, բայց դեռ այս պահին պատվաստանյութ չունեն.«Դեռ ոչ մեկին, ոչ մի տեսակի վակցինա չի կատարել Նաիրիում։ Հետևաբար բացառվում է, որ մենք պատվաստում չանենք ու գումարի դիմաց կանաչ անձնագիր բաժանենք»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ իրենք նոր-նոր փորձում են պատվաստանյութ ձեռք բերել։

Արփի Հարությունյան