Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամի արժևորումը կարճաժամկետ բնույթ կկրի․ այժմ այն նպաստում է ներմուծվող ապրանքների՝ սննդամթերքի գնաճի զսպմանը․ տնտեսագետ

Civic.am-ի զրուցակիցն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։

Պարոն Քթոյան, ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին՝ ի տարբերություն ռուբլու՝ դոլարն ու եվրոն արժեզրկվում են։ Ըստ Ձեզ ինչով է սա պայմանավորված։ Ինչ հանգամանքներ են դրդում այս ամենին։

Փոխարժեքը պայմանավորված է առաջարկի և պահանջարկ հարաբերակցությամբ։ Հայաստանում դրամի առաջարկը ավելի պակաս է, քան պահանջարկը և արտարժույթի առաջարկն ավելին է, քան պահանջարկը։ Նույնը ռուսական շուկայում է՝ ռուբլին արժևորվում է և դա պայմանավորված է նրանով, որ ռուբլի ավելի քիչ կա, քան կարիքը կա շուկայում, և հակառակը՝ դոլար ու եվրո ավելի շատ կա, քան կարիքը կա։ Այսինքն դրանով պայմանավորված ռուբլին արժևորվում է, և մեզ մոտ էլ նմանօրինակ պրոցեսներով պայմանավորված արժևորվում է դրամը։ Մի կողմից, մենք ունենք առաջարկի սահմանափակում, որը պայմանավորված է տարբեր գործոններով, և կարևոր գործոններից մեկը կենտրոնական բանկի քաղաքականությունն է․ կենտրոնական բանկն այսօր անցում է կատարում թանկ փողի քաղաքականության, փողը թանկացնում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով, և դրա նպատակը տնտեսական ակտիվությունը որոշակի զսպելն է՝ ինչը կհանգեցնի գնաճի տեմպերի թուլացման։ Եվ դա իր հերթին հանգեցնում է նրան, որ դրամի առաջարկը որոշակիորեն ավելի ցածր է, քան պահանջարկն է, ինչն էլ նպաստող գործոն է հանդիսանում դրամի արժևորման։ Այլ գործոններ ևս կան դրամի արժևորման․ արտարժույթային զգալի ներհոսք կա Հայաստան և այդ ներհոսքը որոշակիորեն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից 10-նյակ հազարավոր ՌԴ քաղաքացիների Հայաստան մուտքով և Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցաբերմամբ։ Այդ տնտեսական ակտիվության մեկնակետը եղել է արտարժույթի որոշակի զանգվածը, դրամի փոխարկելը և դրամով գործառնություններ կատարելը։ Դա իր հերթին բերում է շուկայում արտարժույթի քանակի ավելացման և հակառակը՝ դրամի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ է ձևավորվում։ Սա ևս նպաստում է դրամի արժևորմանը։ 

Հայաստանում բազմաթիվ մարդկանց եկամուտը դրսից եկող դրամական միջոցներն են՝ տրասնֆերտները։ Ձեր կարծիքով դոլարի, եվրոյի նվազումը որքանով կազդի այն մարդկանց գնողունակության վրա և ընդհանրապես Հայաստանի տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կարող է թողնել։

Սա դրամի արժևորման բացասական կողմերից մեկն է․ մենք տարեկան 2 մլրդ դոլարի չափով տրանսֆերտ ենք ստանում դրսից և այս 2 մլդր դոլարի դրամային արժողությունը էապես կնվազի՝ ենթե դիտարկում ենք դրամի արժևորման հանագմանքը։ Եվ այն ընտանիքները, որոնք արտարժույթով եկամուտ են ստանում՝ իրենց կենսամակարդակի, գնողունակության վրա էական նվազում կլինի։ Եվ այդքան մասով տնտեսության վրա բացասաբար կանդրադառնա։ Պատկերացրեք, հիպոթեթիկ, եթե դրամ դոլար փոխարժեքը 500 դրամ է՝ ապա 1մլրդ դոլարը նշանակում է, որ տնտեսության վրա շրջանառվում է 500 մլրդ դրամ, իսկ 470 կամ 460 կուրսի պարագայում մենք ունենք 30 կամ 40 մրդ դրամով պակաս։ Այսինքն այս չափով գնողունակ պահանջարկը նվազում է։ Իսկ պահանջարկը հանդիսանում է համախառն ներքին արդյունքի կարևոր բաղադրիչներից մեկը՝ այսինքն այդ չափով տնտեսական ակտիվությունն է նվազում։ Դա եթե դիտարկենք՝ ՀՆԱ-ի կես տոկոսի չափով է նվազում, եթե ամբողջ տրանսֆերտների ասպեկտը վերցնենք բավականին նշանակալի թիվ է կազմում։ Բայց ես ենթադրում եմ, որ հիմա տեղի ունեցող պրոցեսը կարճաժամկետ բնույթ կկրի։ 

Այս պարագայում Հայաստանի կենտրոնական բանկն ունի՞ հնարավորություն կարգավորելու արժույթի շուկան և որքանով արդյունավետ կլինի, եթե օգտագործի որևէ գործիքակազմ։ 

Եթե օգտագործի կազդի պրոցեսի վրա։ Կենտրոնական բանկը կարող է պարզապես ավելացնել շրջանառության մեջ դրամի քանակությունը, նվազեցնել արտարժույթի քանակը՝ դա կբերի դրամի արժեզրկման։ Այլ հարց է դա որքանով է նպատակահարմար։ Փոխարժեքի ինչպես արժևորումը, այնպես էլ արժեզրկումը երկկողմ էֆեկտ ունի՝ թե դրական, թե բացասական։   Եվ շատ դժվար է ասել, որ էֆեկտն է գերակշռող, որ ԿԲ-ն հակառակ գործողությունն անի։ Մենք նշեցինք դրամի արժևորման բացասական էֆեկտը տրանսֆերտով պայմանավորված՝ գնողունակության նվազման, բացասական էֆեկտ է նաև այն, որ թանկանում է արտահանումը Հայաստանից և այստեղ էլ խնդիրներ կարող են լինել, բայց նույն կերպ ներմուծումն է էժանանում է։ Իսկ մենք որպես սպառող օգտվում ենք նաև ներմուծվող ապրանքներից, իսկ սննդամթերքի զգալի մասը ներմուծվում է Հայաստան, լայն սպառման այլ ապրանքներ ևս։ Մենք բողոքում ենք գնաճից՝ հիմա դրամի արժևորումը թույլ կտա որոշակիորեն զսպել գնաճը ներմուծվող ապրանքների համար։ Դրսում ապրանքը թանկացել է և այդ թանկացումն ուղղակիորեն ազդել է մեր վրա։ Իսկ հիմա դրսում ապրանքի թանկացումը արժևորված դրամի պայմաններում հնարավորություն է տալիս ապրանքը ներս բերել և դրամի այդ արժևորման չափով նվազեցնել դրսի թանկացման էֆեկտը։ Այսինքն այստեղ դրական ասպեկտ է, ինչպես նաև դրական ասպեկտ է այն, որ Հայստանն այսօր ունի զգալի արտաքին պարտք և այդ արտաքին պարտքի սպասարկումն արվում է արտարժույթով, իսկ ինչպես է արվում՝ բյուջեից հատկացում է արվում դրամով՝ պարտքի սպասարկման վրա, դրամային հատկացումով ձեռք է բերվում արտարժույթ մեր ֆինանսական շուկայում և այդ արտարժույթով սպասարկվում է պարտքը։ Հիմա ինչքան մեզ մոտ արտարժույթն էժան լինի, այդքան պարտքի սպասարկումը դրամով արտահայտված ավելի քիչ բեռ կենթադրի պետական բյուջեի համար։    

Հայաստանն արդեն իսկ ռուբլիով է վճարում բնական գազի դիմաց Ռուսաստանին ՝ արդյոք սա կազդի գազի սակագնի վրա՝ բաժանորդների համար։ Ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև եթե առևտրևաշրջանառությունը ռուբլիով իրականանա՝ սա ինչի կհանգեցնի, ինչ հետևանքներ կթողնի։ 

Ռուբլիով վճարելը որևէ ապրանքի, մասնավորապես գազի դիմաց՝ պայմանական բնույթ ունի այն առումով, որ գնի ֆիքսումը կատարվում է արտարժույթով և էական չէ, թե դու որ արժույթով ես փաստացի վճարումը կատարում։ էական կարող է լինել, եթե գնանշումը կատարվի ռուբլիով և օրինակ՝ ռուբլին դոլարի կամ դրամի նկատմամաբ արժեզրկվի՝ այդ պարագայում այդ սխեմայից մենք կարող ենք օգտվել, մեզ ձեռնտու կարող է լինել։ Այսինքն այստեղ հայաստանյան տնտեսության համար արտառոց որևէ բան չկա։ Իսկ ինչ վերաբերվում է ԵԱՏՄ տարածքում ռուբլիով առևտրին՝ բնական է ԵԱՏՄ ստեղծման կարևոր նպատակներից մեկը ընդհանուր տնտեսական տարածության ստեղծումն է և դա ենթադրում է նաև ընդհանուր արժութային տարածության ստեղծում՝ առևտրային գործարքների մասով։ Եվ այսօր հաշվի առնելով այն իրողությունները, երբ օրինակ Արևմտյան երկրները կարող են շատ հանգիստ սառեցնել կամ արգելափակել այլ երկրի պահուստներն իրենց բանկերում ունեցած՝ այսինքն դա կոպիտ ասած նշանակում է հրաժարվել կատարել իրենց պարտավորթյունները։ Դա դոլարի և եվրոյի նկատմամբ վստահության սասանելու համար հիմք կարող է հանդիսանալ։ Դոլարը որպես համաշխարհային արժույթ հիմնված է հենց վստահության վրա, բայց եթե ինչ-որ մի օր ԱՄՆ-ն կարող է վերցնել քո ակտիվները և չտալ՝ դա սասանում է վստահությունը։ Եթե վստահությունը սասանվեց  արժույթի նկատմամբ արդեն առևտրատնտեսական հարաբերությունների մասնակիցներին՝ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց առևտրային ու ֆինանսական հոսքերը և այսօր ռուբլու դերակատարության մեծացումը պայմանավորված է հենց այդ գործոնով։ Այսինքն կախվածությունը մեկ արժույթից նվազեցնելու խնդիր կա։ 
 
Նարա Մարտիրոսյան
 
Մանրամասն՝ տեսանյութում