Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը 2018-ի համեմատ կրկնապատկվել են

Հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը 2018-ի համեմատ կրկնապատկվել են
Տնտեսություն
21:10, 27 апрель 2023
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը կազմել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 54 մլրդ դրամով կամ 16.5%-ով։

Հատկանշական է, որ վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել, այդ թվում՝ 2023թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.1 անգամ։

2023թ.-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուների կողմից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ պետական բյուջե հավաքագրվել է 12.7 մլրդ դրամով կամ 6.4%-ով ավելի, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝  101.4 մլրդ դրամով կամ 2.1 անգամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 100 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է 212.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որի մասնաբաժինն ամբողջ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների ծավալում կազմել է 55.7%, այսինքն 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին գոյանում է առաջին 100-յակի միջոցով:

Դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակի կողմից պետական բյուջե վճարվել է 90.1 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.7 մլրդ դրամով կամ 6.3%-ով: 1000 խոշոր հարկատուների վճարված հարկերի ծավալում տասնյակի մասնաբաժինը կազմել է 23.6%: 2023թ.-ի հունվար-մարտին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակի կողմից վճարված հարկերի ծավալը նվազել է շուրջ 2 անգամ: