Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել ՄԻԵԴ վճիռներն ու չի փոխհատուցել իրավունքի խախտումների համար

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել ՄԻԵԴ վճիռներն ու չի փոխհատուցել իրավունքի խախտումների համար
Իրավունք
18:00, 22 июль 2021
«Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինի զրկել է Ա. Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Հաղարծին համայնքի բնակիչ Արթուր Բադալյանը 2009-2011թթ. եղել է Ադրբեջանում, գերության մեջ։ 

Արթուրը 2009թ. մայիսի 9-ին իր գյուղացի 5 ընկերների հետ հերթական անգամ Ուազով գնացել է անտառ՝ սունկ հավաքելու։

Ադրբեջանցիները դիրքերից հեռադիտակով տեսել են Ուազն ու այդ ուղղությամբ եկել։ Ադրբեջանում գերության մեջ ապրած Արթուր Բադալյանի խոսքով՝ մեկ տարի վեց ամիս Կարմիր խաչի ներկայացուցիչներն իրեն չեն այցելել, մինչդեռ ինքն այդ ընթացքում նկուղում տախտակի վրա է գոյատևել, իր հանդեպ գործադրված բռնության հետևանքով ոտքերն էլ վնասվել են. «Ինձ ասում էին՝ սուտ ես խոսում, որ մոլորվել ես, դու ռազվետչիկ ես։ Բանակի վերաբերյալ ինֆորմացիա էին փորձում ստանալ։ Ես էլ ասում էի, որ կապ չունեմ բանակի հետ, անտառում մոլորվել եմ»։  

Արթուր Բադալյանը երբ վերադարձել է, շուրջ 3 ամիս հիվանդանոցում է անցկացրել՝ հոգեպես և ֆիզիկապես վատ վիճակում լինելու պատճառով, այնուհետև դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտումը հաստատելու համար։

Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդգծել է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները:  

Արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻԵԴ-ի՝ գերիների վերաբերյալ առաջին վճիռը եղել է Մանվել Սարիբեկյանի գործով, երկրորդը՝ Գուրգեն Մարգարյանի։ Երկու գործերով էլ Ադրբեջանը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը՝ մեղավորները չեն բացահայտվել, ինչպես նաև գումարները չեն վճարվել. «Գումարի մասով դա երրորդական-չորրորդական նշանակություն ունի։ ՄԻԵԴ վճիռը ենթակա է պարտադիր կատարման, պետք է վերացվի իրավունքի խախտումը և վերականգնվի մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը։ Պետք է մեղավորները բացահայտվեն և ենթարկվեն պատասխանատվության։ Այս ամբողջը ենթադրում է իրավական ու քաղաքական հետևանք»։ 

Փաստաբանը պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա պետք է տեղի ունենա գործի վերաբացում. «Սարիբեկյանի գործով վճիռը եղել է 2020թ. հունվարին, այդ գործը Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի հսկողության տակ է, և Ադրբեջանը, երբ էլ լինի, դա կատարելու է»։

Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց նաև, որ գումարը վճարելու համար ՄԻԵԴ-ը սահմանում է եռամսյա ժամկետ, և այդ ժամանակահատվածում չվճարելու պարագայում տոկոսներ են կուտակվում։

Նշենք, որ Արթուր Բադալյանը շուրջ տասը տարի է՝ բնակվում է իր հարազատ գյուղում, և այս ընթացքում լույս աշխարհ է եկել նրա երկրորդ երեխան։ 

Նարա Մարտիրոսյան