Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաջողակ բիզնեսմեն» ՊԵԿ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

«Հաջողակ բիզնեսմեն» ՊԵԿ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները  հրավիրվել են դատախազություն
Իրավունք
11:22, 02 апрель 2024
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նրա ընտանիքի անդամները՝ մասնավորապես կինը՝  Զարինե Դանիելյանը, որդիները՝ Հենրիկ Հարությունյանը, Ռուբեն Հարությունյանը, և մայրը՝ Սուսաննա Զաքարյանը, հրավիրվել են  Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Civic.am-ը հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան այսօր՝ ապրիլի 2-ին։  Վ. Հարությունյանին ուղղված ծանուցագրում նշված է, որ նրան պատկանող գույքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր, իսկ Հարությունյանի ընտանիքի անդամներին ուղղված ծանուցագրերում մասնավորապես նշված է.  «Վարդան Ռուբիկի Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։ 

Վարդան Հարությունյանը, նկատենք, հաշվառված է Կոտայքի մարզի Ակունք համայնքում, կինն ու որդիներից մեկը՝ Երևանի Ազատության պողոտայում, մայրը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, մյուս որդին էլ՝ Երևանի Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկում։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը համարվում է նախկին իշխանության օրոք իրենց հարստությունը կուտակած, ՀՀ մեծահարուստ պաշտոնյաներից մեկը, որը բազմաթիվ բիզնեսներ ունի։ Նա, նկատենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի  մտերիմներից է և ՊԵԿ գործուղվեց հենց նրա ձևավորած կառավարության օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 8-ին։ Հարությունյանը երկար տարիներ՝ գրեթե 16 տարի,  աշխատել է  «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ- ում։  Հավանաբար գազային ընկերությունում աշխատած տարիներին էլ դիզել է միլիոնների հասնող եկամուտներն ու դրամական միջոցները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը  հրաժարականի դիմում էր ներկայացրել հեղափոխությունից հետո, և կառավարությունը մայիսի 17-ի նիստով բավարարել էր այն:

Նշենք, որ Վարդան Հարությունյանի կինը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հենրիկ Դանիելյանի դուստրն է։ «Հետք»-ը ժամանակին հետաքննություն էր հրապարակել, որում մասնավորապես անդրադարձել էր «ընտրյալների թաղամասի»՝ Ազատության պողոտայի տիրակալներից մեկի՝ Զարինե Դանիելյանի անունով գրանցված առանձնատանը։ Ըստ այդմ. «ՊԵԿ նախկին նախագահին պատկանող, 338 մլն դրամ կադաստրային արժեքով առանձնատունը գրանցված է կնոջ՝ Զարինե Դանիելյանի անունով։ Այս առանձնատան հողակտորը, ...ամբողջացել է չորս տարբեր հողակտորների միավորման արդյունքում։ Դրանցից մեկը՝ 1980 քմ մակերեսով, 2014 թվականին քաղաքապետարանից ձեռք է բերել անձամբ Զարինե Դանիելյանը՝ վճարելով 66 մլն դրամ։ Մյուս հողակտորները ձեռք են բերվել «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ից, Նունե Նիկոլյանից և «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ից։ Ըստ էության, վերը նշված երկու ՀԿ-ներն էլ Երևան քաղաքից անհատույց օգտագործմամբ ստացած հողակտորները հետագայում վաճառել են այս կամ այն պաշտոնյային...»:

Վարդան Հարությունյանի պաշտոնանկությունից ժամանակ անց մամուլը գրեց, որ վերջինս բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ» ՀԲԸ-ում՝ զբաղեցնում է «Գազպրոմ»-ի Վարչության նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը:

Ի դեպ, երբ լրագրողները 2016-ին ՊԵԿ նախագահին պատկանող պատկառելի ունեցվածքի մասին հարց էին հղել, թե՝ ինչ միջոցներից է այն գոյացել  (12 հողամաս, 3 բնակարան, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ ձեռքի երկու ժամացույց և մեկ նկար, մեքենաներ, դրամական միջոցներ և այլն), նա պատասխանել էր. «Ես մինչև 2016 թ. հոկտեմբեր ամիսն աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա, եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար դա ընդունելի չէ»։

Դիտարկմանը, թե 3 առանձնատուն ունի, Վ. Հարությունյանը հակադարձել էր՝  «կարող էի և 6-ն ունենալ»։ Նախկին պաշտոնյան վստահեցրել էր, որ եթե  բյուջեից թալանված գումարներ կան, պետք է հետ բերվեն բյուջե։

ՊԵԿ-ը, ինչպես հայտնի է, եղել է թերևս ամենակոռումպացված պետական հիմնարկը, որի մեկ այլ նախկին նախագահի՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող ապօրինի գույքի  բռնագանձման գործը նույնպես Հակակոռուպցիոն դատարանում է։

Հ. Մ.