Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես ուսումնասիրել էի ՀՀ-ում ցեմենտի որակը՝ համեմատած Իրանից ներմուծվող ցեմենտի որակի հետ. Ունեմ կասկածներ, որ այդ գործը ինչ-որ աժիոտաժ է առաջացրել ինձ գաղտնալսողների մոտ». շարունակվում է Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը

«Ես ուսումնասիրել էի ՀՀ-ում ցեմենտի որակը՝ համեմատած Իրանից ներմուծվող ցեմենտի որակի հետ. Ունեմ կասկածներ, որ այդ գործը ինչ-որ աժիոտաժ է առաջացրել ինձ գաղտնալսողների մոտ». շարունակվում է Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը
Իրավունք
14:53, 29 сентябрь 2021
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:

Վերմիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Վահագն Վերմիշյանը քննիչի կողմից առաջադրված մեղադրանքը զավեշտ որակեց և ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իրեն ձերբակալելիս ԱԱԾ աշխատակիցների առաջին գործը որ եղել է՝ իր աշխատասեղանից հայտնի «ցեմենտի» գործին վերաբերող թղթապանակն է եղել։ «Ես ուսումնասիրել էի Հայաստանում մեր ցեմենտի որակը ի համեմատություն Պարսկաստանից ներմուծվող ցեմենտի որակի: Ես ունեմ կասկածներ, որ այդ ցեմենտի գործը ինչ-որ աժիոտաժ է առաջացրել ինձ գաղտնալսողների մոտ»,- ասաց Վահագն Վերմիշյանը։ 

Վերմիշյանի խոսքով՝ իրեն ձերբակալելու օրը վստահ է եղել, որ կգնա ԱԱԾ, ապա իրեն արագ ազատ կարձակեն, ու կվերադառնա աշխատանքի, քանի որ վստահ է եղել, որ որևէ հանցանք չի գործել։ «Բերում են մի երիտասարդ քննիչ, որը, ռուսերեն ասեմ, դրա հայերեն բառը չգիտեմ, «յեխիտնի» հայացքով նայում է ինձ՝ ոնց որ ազգի թշնամու, ու սկսում է հարցեր տալ։ Ես ասում եմ, որ բոլոր հարցերին կպատասխանեմ առանց փաստաբանի։ Ինքը ասում է՝ չէ, դուք ասեք, ես կտպեմ։ Տպում է մի քանի էջ, հարցեր է տալիս մեդալների հետ կապված ու հարցնում է՝ Դուք վերցրե՞լ եք էդ գումարը, ես ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ իսկ Թորոսյանին պատվավոր շինարարի կոչում տալու խոսակցություն եղե՞լ է, ասում եմ՝ եղել է։ Թորոսյանին բոլորն են ճանաչում։ Նույնիսկ ամոթ էլ է, որ  Շինարարների միության առաջին պատվավոր ղեկավարը չունի պատվավոր շինարարի կոչում։ Քննիչը տպում է այդ ամենը, ապա ասում՝ եկեք ընդմիջում անենք, սա ստորագրեք, ես ստորագրում եմ, ու էլ չի շարունակում, որովհետև քննիչը մտնում է Քննչական դեպարտամենտի ղեկավար Աղաջանյանի մոտ, այնտեղից այլայլված դուրս է գալիս, գալիս է ինձ մոտ։ Հարցնում եմ՝ կարո՞ղ եմ մտնել Աղաջանյանի մոտ, ասում է՝ այո։ Էդ ընթացքում միջանցքում մոտիկ մի մարդ գալիս ասում է՝ քո հերթն էլ հասա՞վ։ Դե գիտեն՝ քաղաքական... դե գիտեմ՝ ինչեր են խոսում իմ կաբինետում Փաշինյանի հասցեին։ Ասում են, որ անգրագետ է, ասում են, որ տեղյակ չի հարցերից, գյուղատնտեսությունից է խոսում, բայց տեղյակ չի գյուղատնտեսութունից, ու դոկտորի աստիճանի ելույթներ է ունեցել։ Նույնիսկ «չիպուշև» են անվանում իրենց։ Չիպուշևն այն մարդն է, ով սկսում է մի գործ, բայց չի կարողանում ավարտել։ Ինչևէ, քննիչի վերաբերմունքից հասկացա, որ անիմաստ է ինչ-որ բան էս երիտասարդին ասել, ում երկու տարվա մեջ, չգիտես ինչի, լեյտենանտից մայոր են տվել։ Գրություն եմ գրել, որ ես հրաժարվում եմ դրան որևիցե ցուցմունք տալ մի պարզ պատճառով՝ ես չեմ կարող երաշխիք տալ էդ մարդու անվտանգությանը, որովհետև ներվերս չի հերիքում, կարող է մարդ սպանեմ, մի սուր մատիտն էլ է հերիք»,- ասաց Վերմիշյանը։

Ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու և բժշկի հետ պայմանավորված լինելու պատճառով նիստը հետաձգվեց։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։