Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին այսօր ձեռնաշղթաներով տարել են Գորիս՝ դատական նիստին որպես մեղադրյալ մասնակցելու

Կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին այսօր ձեռնաշղթաներով տարել են Գորիս՝ դատական նիստին որպես մեղադրյալ մասնակցելու
Իրավունք
13:49, 08 октябрь 2021
«Առուշ Առուշանյան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր տարել են Գորիս՝ Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատական նիստին որպես մեղադրյալ մասնակցելու համար։ 

Գորիսի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կալանքի տակ գտնվող Առուշանյանին Գորիս են տարել ձեռանշղթաներով։

Այս գործով Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, Առուշ Առուշանյանը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների, այդ թվում՝ Սաթենիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Լիանա Մկրտչյանի, Ալինա Օհանջանյանի և Նաիրա Սարգսյանի հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 265-Ա որոշման հիման վրա Սաթենիկ Սինանյանի որդուն՝ Հարութ Սինանյանին, Նարինե Արզումանյանի, Ալինա Օհանջանյանին և Նաիրա Սարգսյանին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220000 ՀՀ դրամ:

Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Հայաստանի դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, կազմակերպել է սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փատով պայմանավորված կախվածության մեջ գտնվող երկու և ավելի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:  

Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի երկու և ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և կողմ քվեարկել ընտրություններին առաջադրված Հայաստան դաշինքի օգտին:

Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի երկու և ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել Հայաստան դաշինքի կողմից 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կազմակերպված հավաքին:

Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին և 8-ին, անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված՝ Հայաստան դաշինքի հավաքին: