Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին ներկա են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ․ դատաքննությունը շարունակվում է

Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին ներկա են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ․ դատաքննությունը շարունակվում է
Իրավունք
17:22, 05 ноябрь 2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Գնել Գասպարյանի, այսօր շարունակվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին առնչվող քրեական գործերի միացված վարույթի քննությունը։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի վերաբերյալ: Իսկ մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելուց հետո՝ պաշտպանական կողմը կմիջնորդի դատարանին՝ Առուշանյանի խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

Պաշտպանները միջնորդել էին նաև, Առուշ Առուշանյանին Երևանի ՔԿՀ-ից Գորիսի ՔԿՀ տեղափոխել և, քանի որ գործերից մեկով որպես տուժողի շահերի իրավահաջորդ ներկայացող Ներսես Խաչատրյանը մյուս գործով էլ ունի վկայի դատավարական կարգավիճակ, պաշտպան Էրիկ Ալեքսանյանի  դիտարկմամբ՝ քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում, որ քրեական վարույթի շրջանակներում անձը կարող է ունենալ երկու դատավարական կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, պաշտպանության կողմը գտնում է, որ Խաչատրյանի՝ վարույթից հեռացման հարցը կարող է քննարկվել նաև դատավարության հաջորդ փուլում։

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ 

Վերադառնալով, Դատարանը որոշեց թույլատրել տեսակցություն, բայց Երևան ՔԿՀ-ից Գորիսի ՔԿՀ  տեղափոխելն ու զանգելու հնարավորությունը՝ մերժել։

Տեղեկացնենք նաև, որ դատական նիստերի դահլիճում ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։ Նրանք պատրաստ են անձնական երաշխավորություն տալ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու համար։

Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: