Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը
Իրավունք
13:34, 05 август 2021
Վերաքննիչ քրեական դատարանը, Մնացական Հարությունյանի նախագահությամբ մերժեց Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների բողոքը և անփոփոխ թողեց Առուշանյանի խափանման միջոց կալանքը։ 

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, կետերով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը երկու եւ ավելի անձի նկատմամբ 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն, կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ այս դատավորի վարած քննությունից ակնկալիք չունեին և պատրաստվում են բողոքարկել որոշումը՝ Վճռաբեկ դատարանում, չնայած, որ դատական այդ ատյանից ևս ակնկալիքներ չունեն։ Ալեքսանյանը նշեց նաև, որ գնալու են մինչև Եվրոպական դատարան։