Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Որոշ ժամանակ առաջ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչներից դիմում-նամակ էի ստացել, որը վերաբերում էր իրենց շենքի շրջակայքում եղած հանրային սննդի հաստատությունների կողմից գիշերային ժամերին աղմուկի թույլատրելի շեմերը պարբերաբար, գրեթե մշտական անցնելուն, հատկապես բարձր երաժշտության միջոցով։

Համաձայնել էի, որպեսզի օրենսդրական փոփոխություններ մշակենք այս մասով, որպեսզի բնակիչների անդորրը այդ շենքում և մնացած այլ բնակելի շենքերում պահպանվի։

Սակայն այսօր ստացել եմ ստորև նամակը և տեսանյութերը, որոնք հրապարակում եմ։ Կարծում եմ, որ Ներքին գործերի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը (մյուս համայնքապետարանները նույնպես) պետք է հավելյալ ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ Պուշկինի 40, թե՛ մնացած բնակելի շենքերի և տների բնակիչների անդորրը օրենքի համաձայն խստագույնս պահպանվի։
***
Բարև Ձեզ, պարոն Թորոսյան,
Երեկ գիշերը գրեթե բոլոր հանրային սննդի օբյեկտները լուռ էին, բացի Քոլեքթիվից: Վերջինս ոստիկանության ժամանելուց և արձանագրություն կազմելուց հետո շարունակում է աղմկել և դա իրենց մոտ մշտական բնույթ է կրում, այսինքն գրեթե միշտ ոստիկանության հեռանալուց հետո երաժշտությունը չի դադարում, նույնիսկ ավելի են բարձրացնում: Երբ երեկ ես երկրորդ անգամ ահազանգեցի 102 և ոստիկանները կրկին մոտեցան տեղի ունեցավ տեսանյութում արտացոլված միջադեպը:
Կից Ձեզ եմ ուղարկում երեկ գիշերը ժամը 01:15-ին կատարված տեսաձայնագրությունը, որտեղ երևում է Քոլեքթիվ հանրային սննդի օբյեկտի ներկայացուցչի խուլիգանական վարքագիծը, ինչի արդյունքում վերջինիս բերման ենթարկեցին: Ինչպես նաև, Ձեզ եմ ուղարկում երեկ ոստիկանների կողմից օբյեկտի ներկայացուցչին բերման ենթարկելուց հետո ներսում արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ հանրային սննդի օբյեկտը չի անջատել երաժշտությունը և 20.04.2024թ-ին արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է բարձր երաժշտության ուղեկցությամբ պարող անձանց բազմությունը: Վերջին երկու տեսանյութերը ևս արված են գիշերը 01:00-ի սահմաններում:
Խնդրի հնարավոր կարգավորման համար, եթե նպատակահարմար գտնեք, կխնդրեի հանրայնացնել այս միջադեպը և տեսանյութերը:
Շնորհակալ եմ:
Հարգանքով՝
Անահիտ Բեգլարյան»