Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպե՞ս է հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Ինչպե՞ս է հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Իրավունք
13:34, 09 декабрь 2021
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած  նախնական արդյունքներով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընտրություններին մասնակցած «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը ստացել է 2206 ձայն։ Այս դաշինքը գլխավորում է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբերը Վարդենիսի քաղաքապետ աշխատած Արամ Հարությունյանը։ Մինչ քաղաքապետ դառնալը՝ Արամ Հարությունյանը 2004 թվականի մարտի 26-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը զբաղեցրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի պաշտոնը։ Արամ Հարությունյանի նկատմամբ 2018 թվականի դեկտեմբերին հետախուզում էր հայտարարվել՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը ՏԻՄ ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը․ Դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գործի առնչությամբ նախաքննություն է ընթանում, ինչը իրավական առումով չէր կարող խոչընդոտ լինել ընտրական պրոցեսին Հարությունյանի մասնակցությանը։

Հիշեցնենք՝ 2018 թվականին քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հարությունյանը՝ իր գործունեության ընթացքում, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից ակնհայտ կեղծ տվյալների ներառմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության երկու աշխատակիցների հետ, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից օգտագործվող անհատական ծածկագրերով համակարգչային բազայում ներառի սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տվյալներ, և հափշտակեն այդ անձանց անվամբ ստացված նպաստների գումարները:

Կատարված դերաբաշխման համաձայն՝ վերջիններս, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականից մինչև 2018 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում, յուրաքանչյուրն առանձին, սոցիալապես անապահովության վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներակայացնելով շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կենսորոշիչ տվյալները, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել: Արդյունքում՝ կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա հիշյալ քաղաքացիներն ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում:

Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: Նախանական տվյալներով՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը, գործակալության երկու աշխատակիցների հետ, խարդախությամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար՝ 6 520 000 ՀՀ դրամ և 14 376 000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով ընդհանուր 20 896 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Արամ Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նշենք, որ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, որը ընտրություններին ստացել էր 4993 քվե, համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն է ստորագրել «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի հետ։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է, որը ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է։ Վարդենիսում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետը։ Այս կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 46,11%-ը։ 

Աղբյուր՝ factor.am