Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-ից հետախուզման մեջ գտնվող Վարդենիսի քաղաքապետի ներկա թեկնածու Արամ Հարությունյանը ձերբակալվել է․ ՔԿ

2018-ից հետախուզման մեջ գտնվող Վարդենիսի  քաղաքապետի ներկա թեկնածու Արամ Հարությունյանը ձերբակալվել է․ ՔԿ
Իրավունք
16:39, 09 декабрь 2021
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցած «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու, 2018-ից հետախուզման մեջ գտնվող նախկին քաղաքապետ  Արամ Հարությունյանը ձերբակալվել է։

Այս մասին Civic.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հարությունյանը՝ իր գործունեության ընթացքում, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից ակնհայտ կեղծ տվյալների ներառմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության երկու աշխատակիցների հետ, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից օգտագործվող անհատական ծածկագրերով համակարգչային բազայում ներառի սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տվյալներ, և հափշտակեն այդ անձանց անվամբ ստացված նպաստների գումարները:

Կատարված դերաբաշխման համաձայն՝ վերջիններս, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականից մինչև 2018 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում, յուրաքանչյուրն առանձին, սոցիալապես անապահովության վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներակայացնելով շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կենսորոշիչ տվյալները, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել: Արդյունքում՝ կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա հիշյալ քաղաքացիներն ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում:

Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: Նախանական տվյալներով՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը, գործակալության երկու աշխատակիցների հետ, խարդախությամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար՝ 6 520 000 ՀՀ դրամ և 14 376 000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով ընդհանուր 20 896 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Արամ Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը և հայտարարվել հետախուզում: