Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունում, նախարարություններում և վարչապետի աշխատակազմում չպատվաստված ու թեստ չներկայացրած աշխատակիցների ազատման դեպքեր չեն գրանցվել․ ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումը

Կառավարությունում, նախարարություններում և վարչապետի աշխատակազմում չպատվաստված ու թեստ չներկայացրած աշխատակիցների ազատման դեպքեր չեն գրանցվել․ ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումը
Իրավունք
12:04, 16 декабрь 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակում է քննել ԱԺ «Հայաստան» դաշինքի՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությանը համապատասխանության դիմումը: Նշենք, որ դատարանում վիճարկվում է աշխատող քաղաքացիների համար սահմանված՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը ներկայացնելու հրամանը: 

Հիշեցնենք, որ ՍԴ-ն նոյեմբերի 26-ին ընդհատել էր նիստը՝ Առողջապահության նախարարությունից և ՀՀ կառավարությունից պահանջած տեղեկություններ ստանալու համար։ 

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ կառավարությունից պահանջել էին նաև տեղեկատվություն՝ առողջապահության նախարարի հրամանով սահմանված պատվաստումների և ՊՇՌ հետազոտությունների հետ կապված՝ 2020թ․ համար 17 հրամանում 24 ոլորտների վերաբերյալ աշխատող անձանց նկատմամբ այդ պարտականությունները չկատարելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության ենթարկելու՝ այդ թվում աշխատանքից ազատելու դեպքերի մասին․ «ՍԴ մուտքագրվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրությունը, որով տեղեկացրել են, որ հայցվող տեղեկատվության մասով կառավարությունում, նախարարություններում և վարչապետի աշխատակազմում պատասխանատվության ենթարկելու կամ աշխատանքից ազատելու դեպքեր չեն գրանցվել։ Մեր պահանջը, որը ներկայացվել էր կառավարությանը վերաբերում էր 24 բոլոր ոլորտներին։ Հետևաբար կառավարության ներկայացրած տեղեկատվությունը մեր պահանջած տեղեկատվությանը անգամ մոտ շրջանակում չէ։ Ես կարող եմ ենթադրել, որ նման դեպքեր չի գրանցվել միայն կառավարությունում, նախարարություններում և վարչապետի աշխատակազմում»,-նշեց դատավորը։ 

Արևիկ Պետրոսյանի խոսքով՝ կառավարության ստացած տեղեկատվությունից ինքը կարող է ենթադրել, որ կամ չկա համապատասխան ռեսուրսներ այդ տեղեկատվությունն ստանալու համար, կամ չկա համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր պարտականությունները չկատարելու համար աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու։

Արևիկ Պետրոսյանն այս հարցի պատասխանն ստանալու համար առաջարկեց, որպեսզի ԱԺ ներկայացուցիչը իր եզրափակիչ ելույթի ժամանակ ներկայացնի ՍԴ-ին տեղեկատվություն՝ վերջերս Աշխատանքային օրենսգրքում այս մասով կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները արդյո՞ք նախատեսված է եղել օրենսդրության մեջ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան կանոնակարգումներ․ «Իսկ Առողջապահության նախարարի ներկայացուցչին խնդրում եմ իր եզրափակիչ ելույթում ներկայացնի, որ եթե չեն եղել պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումներ, ինչպես էր նախարարի հրամանը ուժի մեջ մտնելուց հետո և առաջ տեղեկատվություն տարածվում, որ նախարարի հրամանով ՊՇՌ թեստ հանձնելու կամ թեստավորում չանցնելու դեպքում աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց դատավորը։ 

Նշենք, որ Սահմանադրական դատարանը քննության է առնում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 20․1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի։ 2021թ․ օգոստոսի 20-ի համար 65N հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։